Օքսֆորդի համալսարանի հետ համատեղ մշակված կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութի արդյունավետությունը կազմել է 70%: Այդ մասին հաղորդում է BBC-ն:
Նշվում է, որ Pfizer-ի և Moderna-ի պատվաստանյութերն, իրենց հերթին, 95% արդյունավետություն են ապահովել: Միևնույն ժամանակ, Օքսֆորդի պատվաստանյութը շատ ավելի էժան է, այն ավելի հեշտ է պահել և ուղարկել աշխարհի այլ մասեր: Այս առումով, փորձագետները գտնում են, որ պատվաստանյութը զգալի դեր կունենա համավարակի դեմ պայքարում, եթե հաստատվի կարգավորող մարմինների կողմից:
Միևնույն ժամանակ, ըստ BBC-ի, կան տվյալներ, ըստ որոնց AstraZeneca-ի արդյունավետությունը կարող է աճել մինչև 90%: Հայտնի է, որ Օքսֆորդի հետազոտողները պատվաստանյութը մշակել են ընդամենը 10 ամսում:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը նախօրոք պատվիրել է Օքսֆորդի պատվաստանյութի 100 միլիոն դոզա, որը բավարար է 50 միլիոն մարդու իմունիզացիայի համար:








































