Ստեփանակերտը գտնվում էր ուղիղ սպառնալիքի ներքո, և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ու Արցախի նախագահի գնահատականներով՝ մայրաքաղաքը շատ թույլ է պաշտպանված եղել։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում այսպիսի հայտարարություն արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ եթե ադրբեջանական կողմը գրավեր Ստեփանակերտը, ապա հազարավոր հայ զինվորներ կհայտնվեին շրջափակման մեջ, ինչի հետևանքով հայկական կողմը կկորցներ նաև այն տարածքները, որոնք մնացել են Լեռնային Ղարաբաղի տիրապետության տակ՝ ռուս խաղաղապահների հսկողության ներքո. «Եթե ռազմական գործողությունները շարունակվեին, տեղի կունենար ամբողջական կոլապս»:
«Ինձ վերագրվող ամենամեծ մեղքը այդ հայտնի փաստաթուղթն է, որով ասվում է, թե ես համաձայնել եմ հանձնել Ադրբեջանին Լաչինը, Աղդամը և Քելբաջարը։ Զարմանալի չթվա, բայց այդ դրվագը ոչ թե հանձնելու, այլ պահելու մասին է, որովհետև այդ փաստաթուղը ստորագրվել է մի իրավիճակում, երբ ընկած էր Շուշին, և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբն ինձ զեկուցում էր, որ ռեսուրսները, մեղմ ասած, բավականին պրոբլեմտիկ վիճակում են։ Իրականում այդ փաստաթղթով տրվել է այն, ինչը ըստ ռազմական և ոչ ռազմական գնահատականների՝ չէինք կարողանա պահել»,- նշեց կառավարության ղեկավարը։
Վարչապետի խոսքով՝ պատերազմի շարունակման դեպքում բացի Ստեփանակերտից, անպաշտպան կմնար նաև Ասկերանը, իսկ Մարտունու պաշտպանությունը շատ անկայուն է եղել, և շատ մեծ էր հավանականությունը, որ պատերազմը չդադարեցնելու դեպքում պաշտպանական շրջանները կհայտնվեին շրջափակման մեջ։










































