Մենք հույս ունենք, որ այն շփումները, որ մենք ունենք թե՛ ձեզ հետ, թե՛ մեր ադրբեջանցի հարևանների հետ, այդ թվում՝ պաշտպանության նախարարության գծով, հնարավորություն կտան կատարել այն պայմանավորվածությունները, որոնք համաձայնեցվել էին եռակողմ ձևաչափում, Մոսկվայում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 12-ին պաշտոնական այցով մեկնել է Մոսկվա: Նա Մոսկվայում էր նաև հոկտեմբերի 9-ին, երբ ՌԴ միջնորդությամբ ավելի քան 11 ժամ քննարկվեց հրադադարի հասնելու պայմանավորվածությունը և, ի վերջո, եղավ եռակողմ հայտարարությունը՝ ՌԴ, Հայաստան, Ադրբեջան: Սակայն Բաքվի համար, կարծես թե, այդ համաձայնությունը գոյություն չունի, և Ադրբեջանը շարունակում է պատերազմը: Իսկ դա նշանակում է, ինչպես նկատել էինք նախօրեին, որ Ադրբեջանը, մեղմ ասած, անհարգալից է վերաբերում Ռուսաստանի Դաշնության միջնորդական դերին, որը տվյալ պարագայում իրականացվել է ամենաբարձր՝ ՌԴ նախագահ Պուտինի մակարդակով: Լավրովը փաստացի հայտարարում է, որ հրադադարի լիարժեք հաստատման ուղղությամբ շփումները շարունակվում են: Այստեղ հետաքրքիր է պաշտպանության նախարարության գծով շփումների մասին շեշտադրումը:
ՌԴ արտգործնախարարը ակնարկում է, որ Մոսկվան ուժային նախազգուշացո՞ւմ է արել Բաքվին՝ հրադադարի պայմանները չհարգելու պարագայի համար, թե՞ խոսքն այն մասին է, որ Ադրբեջանում պարզապես չկա, այսպես ասած, ամբողջական կենտրոնական կառավարում, և հարկ է առանձին խոսել արտաքին գործերի նախարարության, առանձին՝ ՊՆ ուղղությամբ, քանի որ մի ձեռքը կարող է ստորագրել հրադադարի մասին հայտարարություն, սակայն մյուս ձեռքը կարող է չենթարկվել դրան: Դա էլ իր հերթին կարող է նշանակել, որ իրավիճակը բացարձակապես չի ենթարկվում Ադրբեջանի Գերագույն գլխավոր հրամանատարի կարգավիճակն ունեցող Ալիևին: Հնարավոր է, որ այդ պատճառով է նաև Ալիևը վերջին օրերին անում թե՛ «ռազմական նվաճումների», թե՛ քաղաքական իրողությունների վերաբերյալ հակասական հայտարարություններ, հայտնվում դրանց հետևանքով անհարմար դրության մեջ, թողնում հոգեպես անհավասարակշռի տպավորություն: Այն, որ Ադրբեջանի նախագահն իր երկրում չի տիրապետում իրավիճակին, օրերս իր բրիֆինգներից մեկում արձանագրել էր նաև Հայաստանի ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Միևնույն ժամանակ, իհարկե, խնդիրը ներկայումս բացարձակապես այն չէ՝ տիրապետո՞ւմ է Ալիևը, թե՞ ոչ, քանի որ դա որևէ կերպ չի փրկում ՌԴ քաղաքական վարկը՝ չստացվող հրադադարի առումով, և՝ կա՛մ Մոսկվան կհասնի դրան, այդ թվում՝ ՊՆ վերաբերյալ բազմիմաստ ակնարկով, կա՛մ կստացվի, որ ունակ չէ լուծել այդպիսի խնդիրներ ռեգիոնում, կա՛մ դարձել է պատերազմի «բաժնետեր»: Որևէ դրական պատասխան այդ տեսանկյունից չի կարող բխել ՌԴ ռազմավարական շահից:







































