Հավատացնում եմ ձեզ, Ֆրանսիան կխաղա իր դերը՝ Արցախի դեմ թուրք-ադրբեջանական գրոհի սանձազերծումից հետո հայտարարեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ դիմելով հայերին: Պետք է արձանագրել, որ Ֆրանսիայի նախագահը գործնականում ազդեցիկ պետությունների առաջնորդներից միակն է, որ հստակ և միարժեք սատարեց Հայաստանին ու Արցախին՝ դատապարտելով ադրբեջանական ագրեսիան: Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ էլ եղավ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների նախագահների համատեղ հայտարարությունը: Միևնույն ժամանակ, բարեկամ Ֆրանսիայի նախագահը նաև հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն պետք է վերաբերմունք ցուցաբերի իր անդամ Թուրքիայի նկատմամբ, որը, լինելով Եվրաատլանտյան դաշինքի անդամ, իրականացնում է փաստացի ահաբեկչական գործողություն:
Այդ հայտարարություններից հետո, սակայն, նկատելի է Էմանուել Մակրոնի և ընդհանրապես Ֆրանսիայի դիվանագիտական ջանքի որոշակի պասիվություն, առնվազն առերևույթ տիրույթում:
Դիվանագիտությունն անշուշտ շատ անգամ և թերևս հիմնականում, այսպես ասած, ոչ հրապարակային, ստորջրյա գործընթացներ են, իսկ հրապարակային հայտարարությունները հաճախ կարող են լինել ուղիղ հակառակը այն իրողության, որ կա դրանց տակ կամ ծավալվում է դրանց տակ: Այդուհանդերձ, ավելի խորքային հարթությունում դիվանագիտական-քաղաքական արդյունավետությունը բարձրացնելու համա՞ր է Ֆրանսիան նվազեցրել հրապարակային աշխուժությունը, թե՞ կորցրել է նախաձեռնությունն այդ իմաստով կամ, այսպես ասած, ինքնակամ զիջել՝ տակտիկական նկատառումներից ելնելով:
Ակնառու է, որ Արցախի դեմ սանձազերծված պատերազմը միայն ֆորմալ առիթով է վերաբերում արցախյան հակամարտությանը, Թուրքիայի համար իրականում հեռահար նպատակներն այլն են, և աշխարհաքաղաքական համատեքստում, ինչպես նկատել է Հայաստանի վարչապետն իր հարցազրույցներում, դրված է ուղղակի ռեգիոնալ անվտանգության և միջազգային անվտանգության համակարգի հարց: Եվ այստեղ ակնառու է, որ թե՛ Հայաստանի համար է հույժ կարևոր այդ վճռորոշ փուլում Ֆրանսիայի քաղաքական աշխույժ ներկայությունը՝ լինի այն հրապարակային, թե ավելի խորքային մակարդակում, թե՛ դա հույժ կարևոր է հենց Ֆրանսիայի համար, քանի որ ակնառու է Ֆրանսիային կարևորագույն գործընթացից դուրս թողնելու թուրքական մղումը՝ հատկապես հաշվի առնելով, որ գործնականում Ֆրանսիան է կանգնած դեպի Եվրոպա Էրդողանի ճանապարհին՝ որպես դիմադրության առաջնորդ, ինչպես Հայաստանը դիմադրության առաջնորդն է դեպի Կովկաս նրա ճանապարհին:







































