«Ես միշտ քննադատել են Գերմանիայի քաղաքականությունը Հայաստանի ու Արցախի նկատմամբ։ Հիմա վերահաստատում եմ՝ Գերմանիան որևէ քայլ չի անում Հայաստանի ու Արցախի դեմ սանձազերծած ագրեսիան կանգնեցնելու համար»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Բեռլինի պետական ազատ համալսարանի դոցենտ, հայագետ Ժիրայր Քոչարյանը։
Քոչարյանն ընդգծեց՝ միայն մի քանի նեյտրալ հայտարարություններ են հնչել՝ առ այն, որ Հայասատնն ու Ադրբեջանը զերծ մնան պատերազմից.«Բայց իրականության մեջ նրանք զենք են առաքում Թուրքիային, որն այսօր կռվում է Հայաստանի դեմ։ Ընդհանրապես շատ քննադատելի է, Գերմանիան ոչ մի կոնկրետ ակտիվ քայլ չի անում։ Մյուս պետությունները ևս՝ միայն խոսում, երկու կողմին զգուշացնում են, որ զուսպ լինեն»։
Ինչո՞վ է սա պայմանավորված՝ Գերմանիայի ու Թուրքիայի հարաբերություններո՞վ, թե՞ հայ-գերմանական հարաբերությունների ցածր որակով, հարցին ի պատասխան, մեր զրուցակիցը պատասխանեց.«Ես հայ-գերմանական շոշափելի հարաբերություն ընդհանրապես չեմ տեսնում։ Գերմանիան պատմական լավ հարաբերություններ ունի Թուրքիայի հետ։ Այստեղ կան թուրքական շատ համայնքներ՝ 3 միլիոն 700 հազարի չափ Թուրքիայից այստեղ եկած ժողովուրդ։
Գերմանիան ունի տնտեսական շատ բարձր մակարդակի հարաբերություններ Թուրքիայի հետ առևտրի ոլորտում։ Այսքան տարի է ապրում եմ Գերմանիայում ու չգիտեմ, թե Գերմանիան ինչու՞ է այսչափ վախեցած Թուրքիայից»։
Ժիրայր Քոչարյանի խոսքերով՝ Գերմանիայում միշտ էլ քննադատել են հայերին, ասում են իբրև թե պատմականորեն Արցախը պատկանում է Ադրբեջանին, թեպետ հայերով է բնակեցված.«Ու բնավ չեն ասում, որ օրենքով ու Սովետաական միության սահմանադրական նորմերի համաձայն՝ ինքնավար ցանկացած մարզ և պետություն իրավունք ունի անջատվել այն պետությունից, որում նա գոյություն ունի»։
Դիտարկմանը, թե Ֆրանսիայի հասցեական հայտարարությունները կարո՞ղ են օրինակ ծառայել Գերմանիայի համար, Ժիրայր Քոչարյանը պատասխանեց. «Խոսքը կանցլեր Անգելա Մերկելի վախկոտ քաղաքականության մասին է։ Արդեն չափն այնտեղ է հասել, որ սովորական մարդիկ էլ նեղանում ու ջղայնանում են։ Ես սովորական գերմանացիներից էլ եմ նամակներ ստացել, նրանք բարկացած են Մերկելի անգույն քաղաքականության վրա։ Չեմ կարծում՝ հայկական հարցերի հետ կապված գերմանացիները ֆրանսիացիներից մի բան սովորեն, եթե այդպես լիներ՝ նրանք վաղուց ի վեր ճանաչած ու դատապարտած կլինեին Հայոց Ցեղասպանությանը, քանի որ իրենք մասնակից են եղել դրան»։







































