Կահիրեում ձերբակալել են Եգիպտոսում արգելված «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական ասոցիացիայի պարագլուխ Մահմուդ Իզաթին: Օգոստոսի 28-ին այդ մասին հայտնել Է Al Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարարությանը:
Գերատեսչության տվյալներով՝ Իզաթը ասոցիացիայի զինված թևի ստեղծման պատասխանատուն էր: Նշվում է, որ իսլամիստների պարագլուխն օգտագործել է մի քանի բնակարան՝ հետապնդումից խուսափելու համար:
Նրան ձերբակալելիս առգրավվել է տեխնիկա, որի մեջ հայտնաբերվել է Թուրքիայի «Մուսուլման եղբայրների» ներկայացուցիչների հետ նամակագրությունը: Իսլամիստի ձերբակալման գործողությանը մասնակցել են մի քանի հատուկ ծառայություններ: Եգիպտացի ուժայինները շարունակում են փնտրել մարդկանց, ովքեր կարող են կապված լինել Մահմուդ Իզաթի հետ, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ նշում է հեռուստաալիքը:







































