Թուրքական Today’s Zaman թերթը նոր մանրամասներ է հրապարակել Թուրքիայում վերջերս ընդունված անվտանգության նոր հայեցակարգի վերաբերյալ:
Երկուշաբթի կառավարությունը հաստատել է Ազգային անվտանգության խորհրդի կողմից ընդունված նոր հայեցակարգը, որը կոչվում է «Կարմիր գիրք». դրանում նշված են բոլոր այն սպառնալիքները, որոնք այս պահին գոյություն ունեն Թուրքիայի համար:
Վերջին փոփոխություններն այդ փաստաթղթում կատարվել էին 2005թ.: Փոփոխություններից մեկը վերաբերում է կրոնական ծայրահեղականությանը, որն այլևս նշված չէ երկրին սպառնացող վտանգների շարքում: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն այս փոփոխությունների վրա երկար ժամանակ էր, որ աշխատում էր` ասելով, որ պետությունը չպետք է սեփական քաղաքացիներին դիտի որպես պոտենցիալ վտանգ: Սրա հետ համաձայնել է նաև խորհրդի զինվորական թևը: Դրա փոխարեն փաստաթղթում նշված է «ծայրահեղական խմբեր, որոնք օգտագործում են կրոնը» ձևակերպումը, որը վերաբերում է բոլոր այն խմբերին, որոնք կիրառում են բռնությունը կրոնի անվան տակ:
Խոսելով լրագրողների հետ` Թուրքիայի կառավարության խոսնակ և փոխվարչապետ Ջեմիլ Չիչեկը նշել է, որ այս փաստաթուղթը հիմնված է Թուրքիայի անցյալի փորձի վրա: «Այն հասկացությունները, որոնց հնարավոր չէ բնորոշումներ տալ, ներառված չեն փաստաթղթում: «Ծայրահեղականություն» հասկացությունն առաջ էլ էր քննարկվում և միշտ օգտագործվել է մեղադրանքներ ներկայացնելու համար: Այն հասկացությունները, որոնք բերում են հասարակության մեջ բևեռացմանը, ներառված չեն փաստաթղթում»,- նշել է Չիչեկը:
Այս փաստաթուղթն առաջին անգամ գրվել է Թուրքիայի` ՆԱՏՕ-ի անդամ դառնալուց անմիջապես հետո: Մինչև 1980թ. հեղաշրջումը այդ փաստաթղթում որպես վտանգ նշված էր կոմունիզմը: Հեղաշրջումից հետո այդտեղ ներառվեցին նաև ձախակողմյան ուղղվածություն ունեցող կազմակերպությունները: 1995թ. «Բարօրություն» կուսակցության հաղթանակից հետո կրոնական ծայրահեղականությունն ու սեպարատիզմը դիտվեցին որպես ամենամեծ վտանգ:
Այս փոփոխությունները ցույց տվեցին, որ կառավարությունն այլևս լուրջ դերակատարություն ունի պետական քաղաքականության վրա` ի տարբերություն նախորդ տարիների, երբ այդ փաստաթուղթն առաջարկվում և ընդունվում էր զինվորականների կողմից:
Այնպիսի երկրներ, ինչպիսիք են Սիրիան, Բուլղարիան, Վրաստանը և Հայաստանը, այլևս վտանգ չեն ներկայացնում Թուրքիայի համար: Հունաստանն իր «12 մղոնի» խնդրով, ինչպես նաև Իսլամական Իրանը, որոնք նույնպես նախկինում կային վտանգավորների ցուցակում, նորացված տարբերակում տեղ չեն գտել:










































