Այն գումարը, որը ԱՄՆ-ը հատկացրել էր Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) ֆինանսավորելու համար, ծրագրվում է ուղարկել առողջապահության հարցերով զբաղվող ոչ կառավարական կազմակերպություններին: Այս մասին գրում է The Washington Post թերթը:
Պարբերականը հղում է անում Պետդեպի փաստաթղթին, որը հայտնվել է թերթի տիրապետության տակ: «Պետքարտուղարը խնդրել է ԱՄՆ պետդեպարտամենտին և ԱՄՆ միջազգային զարգացման հարցերով գործակալությանը գտնել և գործի դնել միջազգային աջակցության ծրագրերի այլընտրանքային կատարողներ` բացառությամբ ԱՀԿ-ի»,- ասվում է փաստաթղթում:
Թերթը, հղում անելով աղբյուրներին, հայտարարում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա խորհրդականները կատարում են «անդրկուլիսային» աշխատանք, որպեսզի ԱՀԿ-ին մղեն հետին պլան մի քանի ճակատներով:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հայտարարել է կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում ԱՀԿ-ի ձախողման մասին: Ապրիլի 15-ին Վաշինգտոնը դադարեցրեց ԱՀԿ-ի ֆինանսավորումը:










































