Անցումային արդարադատություն և վեթինգ իրականացնելու մասին իշխանությունների խոստումները դեռևս մնացել են թղթին։
Քսան տարի շարունակ դատավոր-դատախազների, քննչական մարմինների կամայականությունները տեսած, քաղաքական հետապնդումների, ունեզրկումների զոհ դարձած Հայաստանի քաղաքացին դեռ սպասում է, թե երբ է հեղափոխության կենարար շունչը թափանցելու դատական համակարգ, ինչ փոփոխություններ են լինելու այնտեղ։
Դեռևս հեղափոխությունից առաջ, ինչպես նաև հետո, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ընդդեմ ՀՀ-ի բազմաթիվ վճիռներ է կայացրել, որոնցով արձանագրել է, թե ինչպես են խախտվել 2008թ․ ընդդիմադիր քաղաքական գործիչների, Երևանի կենտրոնի բնակիչների իրավունքները։ Չնայած դրան՝ Հայաստանի քաղաքացիներն այսօր ականատես են, որ ոչ միայն չեն պատժվել նախկին ռեժիմի հրահանգով մարդկային ճակատագրեր խեղած դատավոր-դատախազ-քննիչները, այլև շարունակում են պաշտոնավարել նոր Հայաստանում։ Չմոռանանք, որ նրանց լուսանկարները, կայացրած վճիռների մասին տեղեկություններ ժամանակին հրապարակվում էին ընդդիմադիր մամուլում, այդ թվում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի խմբագրած «Հայկական ժամանակ» օրաթերթում։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը, ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Իրավունքի պաշտպանության և զարգացման հիմնադրամը, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, փաստաբաններ Ռոբերտ Ռևազյանը և Կարեն Թումանյանն երեկ հանդես են եկել հայտարարությամբ, որը վերաբերում է ՀՀ դատական իշխանությունում և դատաիրավական մարմիններում արդյունավետ վեթինգի ձախողման մարտահրավերին։
Հայտարարությամբ հանդես եկած իրավապաշտպանները ստիպված են արձանագրել, որ «տեղի է ունեցել ակնհայտ նահանջ թավշյա հեղափոխության գլխավոր հասարակական պահանջներից՝ արդարության և արդարադատության հաստատման օրախնդրից»։
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իրեն չեն դիմել այդ հայտարարությանը միանալու համար։
«Ես համամիտ եմ այն մտահոգություններին, որ անցումային արդարադատությանը, վեթինգին ուղղված քայլերը պետք է իրականացված լինեին։ Դրանք չեն իրականացվել, հայտնի էլ չէ, թե երբ են դրանք իրականացվելու։ Կամ էլ դրանք կիսատ են իրականացվել»,- ասաց Վարդան Հարությունյանը։
Հետաքրքրվեցինք, թե որն է իշխանությունների ամենամեծ բացթողումը, սխալն այդ հարցում։
«Իմ կարծիքով՝ ամենամեծ սխալը, բացթողումն այն է, որ սահմանադրական փոփոխությունները չնախաձեռնեցին մեկ-մեկուկես տարի առաջ։ Պետք է լինեին կա՛մ սահմանադրական փոփոխություններ, կա՛մ էլ պետք է ընդունվեր նոր Սահմանադրություն, կա՛մ էլ չեղյալ համարվեր Սերժ Սարգսյանի օրոք կեղծված սահմանադրական հանրաքվեն և վերադառնայինք նախկին Սահմանադրությանը։ Եվ այդ համատեքստում հնարավոր կլիներ իրականացնել լուրջ քայլեր և՛ արդարադատության համակարգում, և՛ ուժային կառույցներում, և՛ ամենուր։ Քանի դեռ Սերժ Սարգսյանի Սահմանադրությունն ուժի մեջ է, դրանով ներկա իշխանություններն աշխատել են, հետևաբար՝ ունենք այն, ինչ ունենք»,- ասաց իրավապաշտպանը։
Իրավագետներից ոմանք պնդում են, որ նախ պետք է հանգուցալուծվի Սահմանադրական դատարանում ստեղծված ճգնաժամը, հետո մտածենք նոր Սահմանադրության մասին։
«Ես նշեցի, որ փոփոխություններ պետք է լինեն և՛ ՍԴ-ում, և՛ արդարադատության համակարգում, և՛ ուժային կառույցներում։ Բոլոր ցանկալի փոփոխությունները կարող էին իրականացվել, և մենք կարող էինք ունենալ մեր իրականությանը համահունչ Սահմանադրություն»,- արձագանքեց Վարդան Հարությունյանը։







































