Չեխիայի կառավարությունը թույլատրել է իր քաղաքացիներին արտասահման գնալ և վերացրել է սահմանափակումները երկրի ներսում: Այս մասին հայտարարել է Առողջապահության նախարար Ադամ Վոյտեխը, գրում է Prague Morning- ը:
Քաղաքացիները, որոնք լքել են Չեխիան, իսկ այնուհետև որոշել են վերադառնալ, պետք է կորոնավիրուսային թեստի բացասական արդյունք ունենան կամ երկու շաբաթով մեկուսանան: Նույն կանոնները տարածվում են այն օտարերկրացիների համար, ովքեր Չեխիա մուտք գործելու թույլտվություն ունեն:
Բացի այդ, Չեխիան վերացրել է երկուսից ավելի մարդկանց հավաքների արգելքը: Բնակիչները այժմ կարող են հավաքվել մինչև տաս հոգանոց խմբերով: Ապրիլի 27-ից իշխանությունները թույլ են տվել բացել համալսարանները, վարորդական դպրոցները, մարզասրահները, գրադարանները, կենդանաբանական այգիները, ինչպես նաև մինչև 2500 քմ խանութները:
Վոյտեխը նշել է, որ իշխանություններին «հաջողվել է հաղթահարել համաճարակը»:
Մարտի 16-ից Չեխիան փակել էր մուտքի և ելքի սահմանները: Նաև երկրում համընդհանուր մեկուսացում էր հայտարարվել՝ քաղաքացիներին թույլատրվում էր տնից դուրս գալ միայն աշխատանքի, մթերային խանութ կամ դեղատուն գնալու համար:
Ըստ Ջոնս Հոփկինսի համալսարանի ՝ Չեխիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 7187 դեպք: 210 մարդ մահացել է, ավելի քան 2, 1 հազարն՝ ապաքինվել:









































