Բուժքույր Ջենի Մաքգին Mirror պարբերականին մանրամասներ է հաղորդել վարչապետ Բորիս Ջոնսոնի կորոնավիրուսից բուժման վերաբերյալ:
Կնոջ խոսքով, վարչապետին ցուցաբերվել է նույն օգնությունը, ինչ որ մնացած բոլոր հիվանդներին:
«Անկեղծ ասած, ես 10 տարի աշխատել եմ վերակենդանացման բաժանմունքում, 5 տարի եղել եմ գլխավոր բուժքույր, եղել են սթրեսային իրավիճակներ, իսկ սա ընդամենը ևս մեկ աշխատանքային օր էր»,- ասել է բուժքույրը հիվանդ վարչապետին հոգալու մասին:
Ավելի վաղ բուժեղբայր Լուիս Պիտարման, որը նույնպես մասնակցել է Բորիս Ջոնսոնի բուժմանը, խոսել էր վարչապետի կյանքը փրկելու համար հպարտության զգացողության մասին: Տղամարդու խոսքով, սկզբում նա անհարմարություն է զգացել՝ չիմանալով ինչպես դիմել վարչապետին:
Մարտի 27-ին Ջոնսոնը հայտնել էր կորոնավիրուսով վարակվելու մասին: 10 օր անց, բժշկի խորհրդով, քաղաքական գործիչը հոսպիտալացվել էր, իսկ պրիլի 6-ին նրան տեղափոխել էին վերակենդանացման բաժանմունք: Ջոնսոնը հիվանդանոցից դուրս է գրվել ապրիլի 13-ին: Նա շնորհակալություն է հայտնել կլինիկայի ողջ անձնակազմին՝ հատկապես բուժքույր Ջենի Մաքգիին և բուժեղբայր Լուիս Պիտարմային, որոնք կրիտիկական ժամանակահատվածում հերթապահել էին նրա մահճակալի մոտ:







































