Կփոխվի՞ արդյոք ժողովրդագրական պատկերը հետկորոնավիրուսային Հայաստանում, որտեղից տարիներ շարունակ եղել է արտագաղթ։
Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը կարծում է, որ ժողովրդագրական փոփոխությունների մասին համակողմանի վերլուծություն անելու համար դեռ ժամանակ է պետք։
Ինչ վերաբերում է Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի մեկնած և վերադարձող մեր քաղաքացիներին, ապա Ռուբեն Եգանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց․ «Դա ավելի շուտ կապված է ոչ թե ժողովրդագրական, այլ սոցիալ-տնտեսական հետևանքների հետ։ Եթե մենք ունեինք մարդկանց մի մեծ խումբ, որոնք իրենց ապրուստը, ընտանիքների գոյատևումն ապահովում էին արտագնա աշխատանքի միջոցով, ապա այսօրվա դրությամբ այդ հնարավորությունը զրոյացվել է, և այդ մարդիկ հայտնվելու են «կոտրած տաշտակի» առջև։
Ընդ որում՝ նրանց մի մասն արդեն հասցրել էր մեկնել, հասցրել էր ծախսեր անել, պարտքեր վերցնել, որովհետև մեկնողների մեծ մասը պարտքերով է մեկնում։ Բնականաբար՝ այդ մարդիկ հայտնվելու են շատ ծանր վիճակում»։
Դատելով տեղեկատվական տարբեր հոսքերից՝ այսօր ծանր վիճակում են հայտնվել Եվրոպայի՝ բարեկեցիկ և ապահով երկրների համբավ ունեցող Իտալիան, Իսպանիան, Ֆրանսիան, Գերմանիան, նույնիսկ ԱՄՆ-ն է կանգնել լրջագույն խնդիրների առջև։
Ռուբեն Եգանյանն առաջարկում է գրաքննության ենթարկել «բարեկեցիկ» բառը, քանի որ այսօրվա դրությամբ դժվար է նման որակավորում տալ եվրոպական երկրներին։
«Այդպիսի որակում կարելի էր տալ այդ երկրներին անցյալ տարվա վերջերին, իսկ այսօրվա դրությամբ այնտեղ վիճակը փայլուն չէ։ Միգուցե կարելի է ավելի խիստ արտահայտություն օգտագործել։ Բնականաբար՝ այդ երկրներում շատ է վատանալու մեր քաղաքացիների, նախկին հայրենակիցների վիճակը։ Ցավոք, նրանք վերադարձի հնարավորություն չեն ունենալու, քանի որ այդ մարդկանց մեծ մասն իրենց միջոցները, կարողությունները, ռեսուրսները ներդրել են այդ երկրներում հայտնվելու համար, և այսօր նրանք ո՛չ տնտեսապես հնարավորություն ունեն վերադառնալու, ո՛չ էլ այդ վերադարձի մեջ են իմաստ տեսնում»,- ասաց ժողովրդագիրը։ Նա խորհուրդ է տալիս տարբեր երկրներում կորոնավիրուսից հետո ստեղծված վիճակի առումով համեմատություններ անցկացնելիս զգուշավոր մոտեցում ցուցաբերել։
«Ինչի՞ հիման վրա եք գնահատում, թե որ երկրում է վիճակն ավելի լավ կամ ավելի վատ։ Եթե հիմնվում եք մահացածների, հիվանդների թվերի, տվյալների վրա, ապա, որպես ժողովրդագիր և վիճակագիր, կարծում եմ, որ շատ վաղաժամ է հետևություններ անելը։ Տարբեր երկրների գնահատականները՝ հիվանդացության, թեստերի առումով, համեմատելի, համադրելի չեն։ Ամեն երկիր ունի իր մոտեցումները, իր տվյալները։ Այսօրվա դրությամբ ասում են, որ ամենավատ վիճակն Իտալիայում է։ Դեռ հայտնի չէ՝ եթե վիճակագրական տվյալները դարձնենք համադրելի, ապա որտե՞ղ է ավելի վատ՝ Իտալիայո՞ւմ, Իսպանիայո՞ւմ, Ֆրանսիայո՞ւմ։ Ամեն երկիր ունի իր վիճակագրական տվյալների համակարգը, որոնք ոչ միշտ են իրար հետ համընկնում, ոչ միշտ են համադրելի»,- ասաց մեր զրուցակիցը։
ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար, Բանկերի միության նախկին նախագահ, տնտեսագետ Արմեն Եղիազարյանն իր հարցազրույցներում այն միտքն է հայտնել, որ Հայաստանը կոշտ կարանտինի պատճառով օրական կորցնում է մոտ 51 միլիոն ԱՄՆ դոլար, օրվա հացից զրկվում են տասնյակ հազարավոր աշխատողներ։ Նա կանխատեսել է նաև, որ մինչև ամսվա վերջ կարանտինը պահելու դեպքում մենք կկորցնենք երկու միլիարդ ԱՄՆ դոլար։
Ռուբեն Եգանյանը հակադարձում է, որ ինքը ծանոթ չէ պարոն Եղիազարյանի գնահատականներին, սակայն, անկախ ամեն ինչից, կորոնավիրուսի պատճառով սոցիալական վիճակի լարվածությունը մեր երկրում էապես մեծանալու է։
«Որքան վատանա տնտեսական վիճակը, այնքան մեծանալու է սոցիալական լարվածությունը»,- նշեց մեր զրուցակիցը։
Լուսանկարը՝ Armeniasputnik-ի








































