Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հանդիպում է ունեցել թուրքական ընդդիմության առաջնորդ, «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի հետ։
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են նոր Սահմանադրության ընդունումը, քուրդ զինյալների դեմ պայքարը, Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումն ու տնտեսական խնդիրներից, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրը։
Քլինթոնը նշել է, որ իրեն հայտնի է, որ հենց ԺՀԿ-ն է խոչընդոտներ հարուցել Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հարցը թուրքական խորհրդարանի օրակարգ մտցնելու հարցում։
Այդ կապակցությամբ թուրքական ընդդիմության առաջնորդը հայտնել է իր զարմանքը՝ նշելով. «Էրդողանի կուսակցությունը («Արդարություն ու զարգացում») մեծամասնություն ունի խորհրդարանում, եթե նա այդպիսի ցանկություն ունենար, ապա կիրագործեր դա.
«ԱԶԿ-ն մեզ որևէ տեղեկություն չի հաղորդել այդ արձանագրությունների վերաբերյալ։ Մենք դրանց բովանդակության մասին տեղյակ ենք միայն մամլո հրապարակումներից։ Այդ պատճառով էլ մենք տեղեկացված չենք, թե ինչ է կատարվում ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների, այլև՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ։
Հարցը միայն հայ-թուրքական արձանագրությունները չեն, մեզ որևէ տեղեկատվություն չի տրամադրվում նաև արտաքին քաղաքականությանն առնչվող բազմաթիվ այլ հարցերի դեպքում»։
Հիշեցնենք, որ 2009 թվականին Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման ժամանակ և դրանից հետո ընկած ժամանակահատվածում՝ մինչև այս տարվա հունիսի 12-ին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները, ԱԶԿ-ն 550 հոգանոց խորհրդարանում ուներ ավելի քան 330 քվե (խորհրդարանի 3/5-ը), ինչն անհրաժեշտ էր հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հարցը խորհրդարանի օրակարգում ընդգրկելու համար։
Այլ հարց է, որ ԱԶԿ-ն միայն իր ուժերով չէր կարող խորհրդարանում հաստատել տալ դա, քանի որ դրա համար արդեն պահանջվում էր խորհրդարանի 2/3-ի (367 քվե) աջակցությունը։








































