168.am-ի տեղեկություններով՝ երկուշաբթի օրը ԱԺ մի քանի պատգամավորներ մտադիր են նիստից առաջ մոտենալ ԱԺ ապագա նախագահ Գալուստ Սահակյանին և խնդրել, որ նա ԱԺ աշխատակազմի ղեկավար չնշանակի Վրեժ Գասպարյանին: Գասպարյանը մինչ այդ աշխատել է ԱԺ աշխատակազմի ղեկավար. 2011թ. նոյեմբերին, երբ ԱԺ նախագահ ընտրվեց Սամվել Նիկոյանը, նա աշխատակազմի ղեկավար նշանակեց Վրեժ Գասպարյանին, ով այդ պաշտոնում աշխատեց մինչև Հովիկ Աբրահամյանի՝ ԱԺ նախագահի պաշտոնում վերընտրվելը, որից հետո մինչ օրս զբաղեցնում է ԱԺ նախագահի գլխավոր խորհրդականի պաշտոնը: Չնայած «գլխավոր խորհրդականը» բարձր է հնչում, սակայն իրականում Վրեժ Գասպարյանը մատնված էր անգործության, մինչդեռ աշխատակազմի ղեկավարն օժտված է բազմաթիվ լծակներով, և ամենակարևորը՝ ֆինանսական միջոցների տնօրինման հնարավորությամբ:
Ինչու են պատգամավորները դեմ Գասպարյանի նշանակմանը: Նրանք պնդում են, որ Գասպարյանի պաշտոնավարման օրոք աշխատակազմն ուղղակի չէր աշխատում: Նրանք օրինակ են բերում, որ եթե պատգամավորի այցեքարտ տպելը նախկինում տևում էր մի քանի օր, ապա Գասպարյանի օրոք պատգամավորն իր այցեքարտը կարող էր ստանալ լավագույն դեպքում 3 ամսում, իսկ որպեսզի համակարգչի հին լարը փոխարինվեր նորով, ապա պետք էր մի քանի պահանջագիր գրել:
ԱԺ գործող աշխատակազմի ղեկավարը Գուրգեն Դումանյանն է, առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանի որդին: Սակայն որոշված է, որ նա տեղափոխվելու է կառավարություն և զբաղեցնելու է Դավիթ Հարությունյանի տեղակալի պաշտոնը: Եվ ահա Դավիթ Հարությունյանը որոշել է, թե ով պետք է լինի ԱԺ նոր աշխատակազմի ղեկավարը և այդ պաշտոնի համար հարմար է գտել Վրեժ Գասպարյանին:
Մանրամասները՝ 168.am-ում









































