Այն, որ Հայաստանում ընդդիմությունը կայանալու խնդիր ունի, պնդում են անգամ իրենց ընդդիմություն համարող քաղաքական ուժերն ու գործիչները։ Իսկ թե որն է իրական ընդդիմության սահմանումը, որ ուժերն են Հայաստանում համարվում ընդդիմադիր՝ հստակ չէ։ Նախկին իշխանությունները «հարձակման» են անցել միանգամից մի քանի նախաձեռնությունների միջոցով՝ «Վերնատուն», ՀՅԴ, ՀՀԿ, Արթուր Վանեցյան, արցախյան որոշակի շրջանակներ, չի բացառվում, որ առաջիկայում կուսակցություն հիմնադրի անձամբ Քոչարյանը։ Իսկ իրենց կառուցողական ընդդիմություն համարող քաղաքական ուժերն առայժմ մնում են լուսանցքում։ Ստացվում է՝ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո ունենք որակապես նոր իշխանություն, իսկ ընդդիմադիր դաշտում են նախկին համակարգի ներկայացուցիչները՝ տարբեր ձևաչափերում։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն օրերս հայտարարել է՝ եթե իրական ընդդիմությունը ձախողվի, կձախողվի նաև հեղափոխությունը։
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանի կարծիքով՝ անցած տարիների ընթացքում, երբ Հայաստանը գնում էր ոչ ժողովրդավարական և ըստ էության բռնապետական ուղով, Հայաստանում իսկապես ձևավորվել է իրական ընդդիմություն, և հենց այդ ընդդիմության ջանքերով է, տարեցտարի կուտակված հարվածների շնորհիվ է, որ հեղափոխությունը կայացավ: «Հեղափոխությունից հետո քանի որ սպասումները շատ բարձր էին, և պայքարի ժամանակահատվածը՝ շատ երկարատև, տեղի ունեցավ ընդդիմադիր ուժերի ջլատում, որոշ տրամադրությունների ռոմանտիկ հանդարտություն, թե՝ հիմնական նպատակները ձեռք են բերված, և առաջընթացը երաշխավորված է։ Բայց քաղաքական զարգացումները միշտ պահանջում են հակակշիռներ, և իսկապես ակներև է, որ Հայաստանում ընդդիմադիր դաշտը զավթելու և գրավելու ակտիվ փորձեր է կատարում նախորդ իշխանությունը, այսինքն՝ ռևանշի ձգտող ուժերի համախումբը։ Իրենք շատ գործ ունեն, իսկ մնացած ուժերը սպասողականության մեջ են»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Ըստ Դիլբարյանի՝ այդ սպասողականությունը չի կարող հավերժ լինել, իսկ ռևանշի ձգտող ուժերի փորձը՝ գրավելու ընդդիմադիր դաշտը, իրականում սին է. «Շատ քիչ ժամանակ է անցել իրենց իշխանազրկումից հետո, և բոլորը հրաշալի հիշում են իրենց առաջարկած գործիքները, իրենց արժեքային համակարգը ինչ վիճակի են հասցրել Հայաստանը։ Ուստի համոզված եմ՝ ընդդիմադիր և՛ արդեն գործող ուժերը, և՛ նոր ձևավորվող կուսակցությունները, նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կստեղծեն այն հակակշիռը, որն անհրաժեշտ է իշխանությանը ժողովրդավարական ճանապարհով առաջ գնալու համար։ Այն ուժերը, որոնք պայքարել են նոր Հայաստանի գաղափարաբանության համար, ի վերջո իշխանությանը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կբերեն այն մտքին, որ հաշվետու լինելը պարտադիր է, որ ժամանակի մարտահրավերներին ճիշտ ու արագ արձագանքելն այլընտրանք չունի։ Մենք տեսնում ենք, որ հակակշռի բացակայությունը հանգեցնում է նաև իշխանության սխալների, հապճեպ որոշ գործողությունների և ինչ-որ առումով վերահսկողությունից դուրս մնալու։ Իսկ վերահսկողությունը ժողովրդավարություն ապահովելու միակ երաշխավորված ճանապարհն է»։
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի կարծիքով՝ հեղափոխությունից հետո չի ձևավորվել այն անհրաժեշտ միջավայրը, որ քաղաքական ուժերը կայանան: «Իներցիոն ձևով շարունակվում է քաղաքական կուսակցությունների մարգինալացումը։ Դա կարծես թե իշխանության հոգսը չէ։ Սրտացավ իշխանությունը, որը պետականության կայացման օրակարգ ունենալու դեպքում պետք է առաջին հերթին քաղաքական դաշտի առողջացման խնդիրը դներ, անգործության է մատնված։ Հաջորդ խնդիրն այն է, որ սև ու սպիտակի դեպքում ավելի հեշտ է իշխել, դաշտը բաժանել հակահեղափոխականների, ռևանշիստների ու հեղափոխականների։ Այս դեպքում մնացածն ինքնաբուխ դուրս են մղվում քաղաքական պրոցեսներից»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Ըստ մեր զրուցակցի՝ այն ուժերը, որոնք տասնամյակներ պայքարել են ու չեն հանդուրժել բեսպրեդելը, անգործության են մատնված։ Շատ չնչին ուժերն են բացառություն, որոնց հետ գործող իշխանությունը ստվերային համագործակցում է, օրինակ՝ ՀԱԿ-ը, բայց դա էլ բավարար չէ։ ՀԱԿ-ի կայանալու համար ամբողջ դաշտը պետք է կայացած լինի։ Հակահեղափոխական ռևանշիստների, սև ու սպիտակի պայմաններում քաղաքական ընդդիմությունը չի կայանալու»։









































