Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը պայմանավորվել են միասնական նավիգացիոն տարածքի ստեղծման մասին, հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով Կրեմլի վարչակազմի ղեկավար Սերգեյ Իվանովին:
«Մեր առաջնահերթությունների շարքում է Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի միասնական նավիգացիոն տարածքի ստեղծումը: Համապատասխան պայմանավորվածություններ, գրավոր պայմանավորվածություններ արդեն ձեռք են բերվել»,- նշել է նա՝ ելույթ ունենալով «Նավիտեխ-2014» ֆորումին:
Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ծրագրվում է նավիգացիոն ազգային համակարգերի ինտեգրում և նավիգացիոն ծառայությունների որակի ու հուսալիության բարձրացում:
Իվանովի խոսքով՝ Ռուսաստանը մտադիր է ընդլայնել միջազգային համագործակցությունն արբանյակային նավիգացիայի ոլորտում: Խոսքը նաև ռուս մասնագետների մասնակցությանն օժանդակելու մասին է միջազգային կառույցների աշխատանքում, որոնք ձևակերպում են այլ նավիգացիոն համակարգերի հետ ռուսականների համատեղելիության ապահովմանն ուղղված պահանջները:










































