Փորձելով ազատվել տրանսպորտային խցանումներից, որոնք կաթվածահար են անում պատմական Պրահայի նեղ փողոցները, քաղաքային իշխանությունները ավելի ակտիվորեն են քաղաքաբնակներին քարոզում հեծանիվներ օգտագործել: Չեխիայի մայրաքաղաքում արդեն գործում է հեծանիվների վարձույթի ծառայություն, որը ցանկացողներին հնարավորություն է տալիս հատուկ կայանատեղիներից հեծանիվներ վարձել և դրանք թողնել նույնպիսի կայանատեղիներում՝ գրում է ITAR-TASS-ը:
Սակայն այս նոր՝ վարդագույն հեծանիվների ծրագիրը ավելի է ակտիվացնում հեծանվային տեղաշարժը և նվազեցնում մասնավոր մեքենաների թիվը քաղաքային փողոցներում և հրապարակներում:
Այս ծրագիրը նմանատիպ ծրագրերից առանձնանում է նրանով, ով հեծանվից օգտվել ցանկացողները կարող են թողնել դրանք այնտեղ, որտեղ իրենց հարմար է, այլ ոչ թե հատուկ կայանատեղիներում, որոնք կարող են բավականին հեռու գտնվել:
Հեծանիվները, բնականաբար, հենց այնպես փողոցներում չեն թողնում: Դրանցից յուրաքանչյուրը հատուկ գաղտնաբառով բանալի ունի, շղթայով կապված է ծառից կամ նստարաններից:
Ծրագրի մասնակիցը իր հեռախոսից մուտք է գործում տվյալների բազա, տեղեկանում՝ արդյոք նշված վայրում հեծանիվ կա՞, թե՞ ոչ, ինչպես նաև իմանում է հեծանվի բանալու գաղտնաբառը: Իր երթուղին ավարտելուց հետո հեծանվորդը հեծանիվը սահմանված կարգով թողնում է քաղաքի փողոցներից մեկում, իսկ բանալու գաղտնաբառը հաղորդում օպերատորին: Ծրագրի մասնակից դառնալու համար անհրաժեշտ է միայն գրանցվել և վճարել տարեկան 50 դոլար:
Հեծանիվները վարդագույն են, որպեսզի տարածությունից տեսանելի լինեն: Այժմ ծրագրին մասնակցում են ավելի քան 230 քաղաքացիներ:
Բրնոյի և Օստրավայի քաղաքային իշխանությունները նույնպես ցանկանում են իրենց քաղաքներում կիրառել այս համակարգը:









































