«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
– Պարոն Սահակյան, փաստորեն «Բարգավաճ Հայաստան» և Դաշնակցություն կուսակցությունների հետ Սերժ Սարգսյանի խորհրդակցություններն արդյունք չտվեցին: Այդ երկու կուսակցություններն էլ հայտարարում են, որ կոալիցիա չեն մտնում: Իսկ ձեր վաղեմի գործընկեր «Օրինաց երկիր» կուսակցությունն էլ հայտարարեց, որ նպատակահարմար չի համարում ՀՀԿ-ի հետ շարունակել կոալիցիոն համագործակցությունը: Եվ քաղաքական դաշտում ՀՀԿ-ն մնաց մենակ:
– Մենք արդյունավետ ենք համարում խորհրդակցությունները, քանի որ առաջին անգամ քաղաքական դաշտում բոլոր կուսակցություններն էլ շատ կոռեկտ հայտարարություններով հանդես եկան: Քաղաքական համաձայնությունների շրջանակը դրանով չի ավարտվում: Առավել ևս ես կարծում եմ, որ քաղաքական համաձայնությունները կարևոր գործոն են, բայց երկրի կառավարման պրոցեսներն առաջ տանելու համար պարտադիր գործոն չեն: Մենք քաղաքական մեծամասնություն ենք: Եվ ողջ աշխարհում ընդունված է դասական ձևը, որ եթե մեծամասնություն ես, ուրեմն դու էլ ամբողջական պատասխանատվություն ես կրում: Մենակության խնդիր չկա:
– ՕԵԿ-ը ցանկանում էր, որ վարչապետ նշանակվի իրենց առաջնորդ Արթուր Բաղդասարյանը: Հակառակ դեպքում նրանք հայտարարում էին, թե ցանկալի կլիներ, որ ՀՀ նոր վարչապետը լինի գրագետ և կրթված գործիչ: Կարելի՞ է եզրակացնել, որ ՕԵԿ-ը նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին գրագետ չի համարում, այդ պատճառով էլ չի ցանկանում մնալ կոալիցիայում և պաշտպանել նրան:
– Քավ լիցի, մարդկությունն առայժմ գրագիտության սարքավորումներ չի ստեղծել, և տեսակետները կարող են բազմազան լինել: Մի առիթով ասել եմ և այսօր էլ եմ ասում՝ նրանք, ովքեր մեզ հետ ճանապարհ են անցել, մենք շատ զուսպ ենք հակադարձումների մեջ: Առաջին պահերն են, կարող է որոշակի խաթարված մտքեր, ըմբռնումներ լինեն, մենք չենք պատրաստվում բամբասանքի ճանապարհով առաջ գնալ: Երբ կլինի նաև ՕԵԿ-ի ռազմավարությունը, այդ ժամանակ մենք գնահատականներ կտանք: Իսկ մեր ճակատին 1999 թվականից սկսված գրված է, որ կոալիցիան կազմավորվում է, անդամները կարողանում են լծակներ ունենալ, դրանով ամբողջացնել, ուժեղացնել իրենց կուսակցությունները, իսկ հետո ամբողջ փոշին թողնում են Հանրապետական կուսակցության վրա: Լավագույն գործերը մեկ-մեկ մատնանշում և ներկայացնում են իրենցը՝ չմտածելով, որ, վերջին հաշվով, եթե լինում են ցանկացած կշռելի գործընթացներ, դրա կարևոր դերակատարը մնում է Հանրապետականը:
– Այնուամենայնիվ, խորհրդարանական վեց ուժերի մեջ Հանրապետական կուսակցությունը մնաց միայնակ: ՕԵԿ-ը նույնպես կդառնա ընդդիմություն և կսկսի ձեզ քննադատել: Արդյոք սա չի՞ նշանակում, որ խորհրդարանական հինգ ուժերին այլևս չի բավարարում Հանրապետական կուսակցության գործունեությունը: Չե՞ք կարծում, որ ստեղծված իրավիճակը ՀՀԿ-ի գործունեության լուրջ թերացումների արդյունք է:
– Դա միայնակություն չի, կրկնում եմ, դա դասական մոդելն է, որ բացարձակ մեծամասնություն ունեցող քաղաքական ուժը պիտի միայնակ հաղթահարի ողջ պատասխանատվությունը: Այս տարիներին, նույնիսկ կոալիցիոն ժամանակաշրջանում, միանշանակ է, որ միշտ էլ Հանրապետականը թերությունների և բացթողումների պատասխանատվությունը վերցնում է իր վրա: Մենք երբեք գլուխ չենք գովում, թե ինչ ենք արել: Միայնակ չենք, եթե ուզում եք իմանալ, 70 պատգամավոր ունեցող խմբակցությունը ներկայացնում է յոթ կուսակցություն:
– Բայց 70 պատգամավոր ունեցող կուսակցությունը երբեմն քվորում ապահովելու խնդիր ուներ ու ապավինում էր ՕԵԿ-ի 5-6 պատգամավորներին:
– Ոչինչ, այս դեպքում քառօրյաների ընթացքում գործուղումներ չեն լինի, և էդ բացը կլրացվի: Սա վերջնակետը չի, յուրաքանչյուր խնդիր, ընդ որում՝ նաև ՕԵԿ-ի հետ կոալիցիայի ժամանակ, մենք շատ խորհրդակցություններ ենք ունեցել և ՀՅԴ-ի, և ԲՀԿ-ի հետ, մասնավորապես` նաև ՕԵԿ հետ: Այնպես չի, որ սրանք էդպես թշնամի մի ճամբար են, և հոխորտանքներով պիտի առաջ գնանք:
– Անկախ ՕԵԿ-ի բացատրություններից, Ձեր տպավորությամբ` ինչո՞ւ այդ կուսակցությունը որոշեց այս փուլում ձեզ հետ կոալիցիա չկազմել:
– Դժվար է հիմա այդ մասին խոսել: Իրենք պնդում են, որ ապրիլի 25-ին կխոսի նաև Արթուր Բաղդասարյանը, թեև կարծում եմ, որ իրենց ռազմավարության մասին խոսք կգնա: Ինչ վերաբերում է Ա. Բաղդասարյանի՝ վարչապետ դառնալուն, նման խնդիր իրոք եղել է, բայց քաղաքական բանաձևը դրան չէր տանի: Նման պաշտոն ունենալու համար, պետք է եթե ոչ բացարձակ, բայց ինչ-որ չափով մեծամասնություն լինես, որ կարողանաս սատարել քո վարչապետին: Այսինքն՝ նման դեպքերում արդեն Հանրապետականը եթե սատարելու լիներ, դա մի փոքր արհեստական կլիներ: Մենք առանձին կուսակցություններ ենք, մեր գաղափարախոսություններն էլ միասնական չեն, մենք երևույթներն այլ կերպ ենք տեսնում, իրենք՝ այլ կերպ: Ինչպես կարելի է պատկերացնել, որ վարչապետը խորհրդարանում ունենա ընդամենը վեց հոգանոց խմբակցություն: Փոքր խմբակցությունն ինչպես պիտի կարողանա պաշտպանել կառավարությանը: Սա բավական խորդուբորդ ճանապարհ էր, և չեմ կարծում, որ իրենց հարցադրումներն էլ շատ նպատակային և ճիշտ էին:
– ՕԵԿ-ից նաև դժգոհություններ են հնչում, որ իրենք թեև կոալիցիայի անդամ են եղել, սակայն շատ դեպքերում կարևոր որոշումներում դերակատարություն չեն ունեցել: Իրենց կարծիքը հաշվի չի առնվել և իշխանության մեջ էլ բավարար ներգրավվածություն չեն ունեցել:
– Իշխանության մեջ բավական ներգրավվածություն են ունեցել ըստ իրենց ձայների կշիռների: Եվ ցանկացած դեպքում, ցանկացած ռազմավարություն երբ մշակվել է, անպայման ՕԵԿ-ը մասնակից է դարձել: 70 անդամ ունեցող խմբակցության և 6 անդամ ունեցող խմբակցության կշիռները տարբեր են: Գոնե ես ամեն ինչ արել եմ, որ այդ հավասարության մթնոլորտը լինի և ցանկացած խնդիր` կապված Ազգային ժողովի հետ միշտ էլ քննարկելի է եղել: Եվ երբեք ստիպողաբար որևէ գործողություն չի եղել:
– Միգուցե Հ. Աբրահամյանի նշանակումը դարձավ հիմնական պատճառը, որ ՕԵԿ-ը չի ցանկանում միանալ կոալիցիային:
– Չեմ կարծում, որ դա անձնավորված էր: Այլ խնդիրների հետ միասին, ՕԵԿ-ի համար ցանկալի կլիներ, որ վարչապետը լիներ իրենց թիմի անդամ:







































