Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ընդդիմադիր «Հանրապետական» կուսակցության առաջնորդներից Դավիթ Բերձենիշվիլին Коммерсантъ-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանում գոյություն ունեն մի շարք եկեղեցիներ, որոնց պատկանելիությունը վիճարկվում է.
«Ավելի լավ կլիներ, եթե վերջին տարիների ընթացքում Վրաց և Հայոց եկեղեցիները որոշակիացնեին, թե ո՛ր եկեղեցիներն են անհրաժեշտ վերադարձնել։ Սակայն դեռևս այդպիսի որոշում չի կայացվել»։
Մեկնաբանելով համացանցում հայտնված Հայոց և Վրաց եկեղեցիների առաջնորդների հանդիպման տեսագրությունը՝ Բերձենիշվիլին նշել է. «Հայոց կաթողիկոսն իրեն անվայել էր պահում, ինչը հարիր չէ հնագույն եկեղեցիներից մեկի կաթողիկոսին։
Վրաց պատրիարքը լսում էր, իսկ Հայոց կաթողիկոսը ձեռքերն էր թափահարում, ինչ-որ բան էր բացատրում։ Ես հասկանում եմ, որ եկեղեցական հայերը, տեսնելով այդ տեսանյութը, դժգոհ են մնացել, քանի որ դա եկեղեցու լավագույն պատկերը չէ։ Եվ այն, որ այդպիսի վարվելակերպից հետո հապճեպ ընդունվում է այդպիսի օրենք, զանգվածային դժգոհության տեղիք է տալիս»։
Մեկնաբանելով այլատյացության աճի հետ կապված մտավախությունները՝ Բերձենիշվիլին հայտարարել է, որ սկզբունքորեն Վրաստանում գոյություն չունի այլատյացություն, սակայն կենցաղային մակարդակում գոյություն ունի որոշ մրցակցություն՝ հայերի ու վրացիների միջև.
«30 դար մենք հայերի հետ ապրել ենք կողք կողքի, բնականաբար ստիպված էինք ինչ-որ կերպ հարմարվել։ Սակայն դա այնքան էլ կարևոր չէ, ինչպես Վրաստանի արտաքին քաղաքական սպառնալիքները։ Զգայուն թեմաներին առնչվող օրենքների ընդունումը պետք է լինի հավասարակշռված և մտածված։
Այժմ Հայաստանն ու Ադրբեջանը բարդ հարաբերությունների մեջ են։ Հայաստանին լուրջ զիջումները կարող են ցավագին ընդունվել Ադրբեջանի կողմից։ Դրա համար էլ պետք չէ մոռանալ աշխարհաքաղաքական գործոնի մասին»։







































