Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանին գազի պարտքը մարել մինչև 2014-ի ապրիլի 1-ը, «Զերկալո նեդելի»-ին տված հարցազրույցում հայտարարել է «Ուկրաինայի նավթոգազի» ղեկավար Անդրեյ Կոբոլյովը:
Նա ասել է. «Մենք շարունակում ենք «Գազպրոմի» հետ բանակցությունները գնի մասին, որը կգործի 2014-ի ապրիլի 1-ից: Պայմանագրի պայմաններով՝ մենք գործող գինը՝ 1 000 խմ-ի դիմաց 268,5 դոլար գործող գինը պահպանելու պաշտոնական առաջարկ ենք ուղարկել: Այդ հարցմանը պատասխան դեռ չենք ստացել»:
Նրա խոսքով՝ ոչ «Նավթոգազը», ոչ «Գազպրոմը» երբեք չեն հայտարարել, որ 2014-ի առաջին եռամսյակում գործող 268,5 դոլար արժեքը «քաղաքական է», ուստի բացակայում են շուկայական գործոնները, որոնք կհիմնավորեին դրա բարձրացումը:
Կոբոլյովը հույս է հայտնել, որ տնտեսությունը կգերակայի քաղաքականության նկատմամբ, քանի որ «Ուկրաինան գազի եվրոպական ամենամեծ շուկաներից է, և դրա կորուստը ցավոտ կլինի «Գազպրոմի» համար»:
Հարցին՝ իսկապե՞ս ռուսական գազի Եվրոպա և Ուկրաինա մատակարարման վտանգ կա՝ Կոբոլյովն ասել է. «Կա: Ցավոք, եթե գազային ոլորտում քաղաքականությունը գերակայի տնտեսությանը, այդ վտանգը շատ մեծ է»: Նրա խոսքով՝ ռուսական գազի մատակարարումը դադարեցնելը կանխելու երկու տարբերակ կա. «Կամ մենք «Գազպրոմի» հետ պայմանավորվենք գազի գնի պահպանման մասին, կամ պայմանավորվենք եվրոպական ընկերությունների հետ, որոնք «Գազպրոմից» գնեն գազը և վաճառեն մեզ, նաև սկսեն վճարել մեր տարածքով գազի փոխադրման համար»:
Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտարարել է, որ ընթացիկ ամսվանից գազի գինն Ուկրաինայի համար կկազմի 485,5 դոլար 1 000 խմ-ի համար:







































