Հելոուինը ժամանակակից Իռլանդիայի և Շոտլանդիայի տարածքում բնակվող կելտերի հին ավանդույթից վաղուց վերափոխվել է միջազգային զվարճալի տոնի: Ոմանց այն կտրականապես դուր չի գալիս, բայց տարեց-տարի ավելի ու ավելի շատ մարդիկ են ցանկանում լիաթոք զվարճանալ բոլոր Սրբերի օրվա նախօրեին:

ԱՄՆ-ում Հելոուինը դարձել է ամերիկյան ապրելակերպի բաղկացուցիչ մասը: Տոնը սիրում են ինչպես երեխաները, այնպես էլ մեծերը: Երեխաները հաճույքով երգեր են երգում՝ դրա համար հարևաններից քաղցրավենիք ստանալով: Մեծահասակները սիրում են համապատասխան հանդերձանք կրելով վերափոխվել հանրաճանաչ ֆիլմերի, մուլտֆիլմերի, գրքերի հերոսների կամ պարզապես հայտնիների: Հոլիվուդյան աստղերը մրցում են միմյանց հետ՝ աղմկոտ երեկույթներ կազմակերպելով:

Հաշվի առնելով խիստ զբաղվածությունը՝ զվարճանքը սովորաբար սկսվում է հոկտեմբերի 31-ից առնվազն մեկ շաբաթ առաջ:

Հելոուինի ամենավառ երեկույթներից մեկն այս անգամ կազմակերպել էին նախկին սուպերմոդել Սինդի Քրոուֆորդը և նրա ամուսինը՝ Ռենդի Գերբերը: Ամուսինները գիտեն, թե ինչպես է պետք նշել տոնը: Իսկ Գերբերը, բաց չի թողել ևս մեկ անգամ Casamigos ապրանքանիշը գովազդելու առիթը: Սա տեկիլա է, որը նա սկսել է արտադրել 2013-ին՝ Ջորջ Քլունիի և Մայք Մելդմանի հետ միասին: 2017-ին գործընկերները Casamigos-ը վաճառեցին բրիտանական Diageo ընկերությանը մեկ միլիարդ դոլարով: Երեկույթը կազմակերպվել է հիպիի դարաշրջանի ոգով:,












































