Ուկրաինայի դաշնայնացումը կլինի առավել իմաստուն և կշռադատված լուծում այդ երկրում ճգնաժամի հաղթահարման հարցում։ Այսպիսի կարծիք է հայտնել Եվրախորհրդարանի պատգամավոր, «Ազգային ճակատ» ֆրանսիական կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը՝ ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ հանդիպմանը։
«Ստեղծված իրավիճակում դաշնայնացման հարցով հանրաքվեի անցկացումն առավել իմաստուն և կշռադատված լուծում է»,- ասել է նա։ «Կարևոր է, որ բոլոր շահագրգիռ կողմերը, որոնք պատմականորեն կարևոր են այդ տարածաշրջանում, հավաքվեն բանակցությունների սեղանի շուրջ»,- հավելել է Լե Պենը։
Նրա կարծիքով՝ «դաշնայնացման գաղափարը հնարավորություն կտար տարբեր շրջաններին ստանալու լայն ինքնավարություն և որոշելու իրենց ճակատագիրը»։ Սակայն «որպեսզի դա տեղի ունենա, շահագրգիռ կողմերին հարկավոր է նպաստել դրան և թույլ չտալ ծայրահեղականների ազդեցություն, որոնք կարող են ձախողել այդ բանակցությունների արդյունքները»։
ԵԽԽՎ-ում Ռուսաստանին ձայնի իրավունքից զրկելը Մարին Լե Պենն անվանել է հակաարդյունավետ միջոց։ «Չի կարելի արգելել խոսել այն ազգերին, որոնց ժողովուրդները բարեկամական են»,- ասել է նա։ Խոսելով ընդհանրապես պատժամիջոցների մասին՝ քաղաքական գործիչը կարծում է, որ դրանք և անգամ դրանց սպառնալիքը «հակաարդյունավետ միջոց են»։ «Կոնսենսուսի միշտ կարելի է հասնել բանակցությունների սեղանի շուրջ, այլ ոչ թե ինչ-որ բան արգելելով»,- հավելել է Լե Պենը։








































