Southwest Airlines ավիաընկերության բորտ-ուղեկցորդուհին դատի է տվել ընկերությանը՝ հայտարարելով, որ ավիափոխադրողի օդաչուները տեսախցիկ են տեղադրել ինքնաթիռի զուգարանում՝ հետևելով «հանգստի սենյակի» այցելուներին այփադի միջոցով, օդաչուների համար նախատեսված խցիկում, հաղորդում է Fox News-ը:
Բորտ-ուղեկցորդուհի Ռենե Սթեյնեքերը պատմել է, որ 2017-ի փետրվարին Ֆենիքսից Փիթսբուրգ թռիչքի ժամանակ կապիտան Թերի Գրեմը խնդրել է նրան նստել օդաչուների համար նախատեսված խցիկում, որպեսզի նա գնա զուգարան, քանի որ ըստ կանոնադրության՝ օդաչուների խցիկում պետք է մշտապես երկու մարդ գտնվի:
Հանկարծակի Սթեյնեքերը նկատել է պլանշետ և հարցրել երկրորդ օդաչու Ռայան Ռասելին, թե ինչի համար է այն նախատեսված:
Համաձայն մեղադրական կողմի փաստաթղթերի՝ Ռասելը խուճապի է մատնվել և ասել, որ այփադը տեղադրված է ինքնաթիռում անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով: Սակայն բորտ-ուղեկցորդուհին հանկարծակի տեսել է, որ այփադը հեռարձակում է Գրեմին, որը գտնվում է զուգարանում: Նա լուսանկարել է սարքը:
Սթեյնեքերը և անձնակազմի մի շարք այլ անդամներ զեկուցել են տեղի ունեցածի մասին ղեկավարությանը, սակայն նրանց կարգադրել են լռել, և այդ օդաչուները դեռևս աշխատում են ավիաընկերությունում:









































