Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Интерфакс գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն անդրադարձ է կատարել Ադրբեջանի տարածքում գտնվող և Ռուսաստանի կողմից վարձակալված Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի (ՌՏԿ) հիմնախնդրին.
«Այո՛, բանակցություններն ընթանում են, հնարավոր է՝ ոչ շատ ինտենսիվ, սակայն այդ թեման քննարկվում է։ Ամեն դեպքում Գաբալայի ՌՏԿ-ի վերաբերյալ գործող պայմանագրին համապատասխան կա՛մ պետք է երկարաձգել այն, կա՛մ էլ վերանայել։ Այսինքն հենց միայն դա է դրդում նրան, որ վերստին վերանայվեն պայմանագրի պայմանները։
Ներկայիս պայմաններում Գաբալայի ՌՏԿ-ն ունի շատ կարևոր ռազմավարական նշանակություն, և այն՝ որպես ռազմավարական օբյեկտ, պետք է արժանանա համարժեք գնահատականի»։
Հիշեցնենք, որ «Դարյալ» տիպի Գաբալայի ՌՏԿ-ն շահագործման է հանձնվել 1985 թվականին: 2002 թվականին Ադրբեջանն այն վարձակալությամբ հանձնել է Ռուսաստանին, որը դրա դիմաց տարեկան 14 միլիոն դոլար է վճարում նրան: Գաբալայի ՌՏԿ-ի հեռահարությունը կազմում է 6000 կիլոմետր: Այսինքն՝ նրա տեսադաշտում են գտնվում Իրանը, Թուրքիան, Հնդկաստանը, Մերձավոր Արևելքը, ինչպես նաև Հնդկական օվկիանոսն ու Ավստրալիայի մի մասը:
Գաբալայի ՌՏԿ-ի վարձակալության ժամկետն ավարտվում է 2012 թվականի օգոստոսին։ Կայանում աշխատում են 1400 ռուս զինծառայողներ։








































