Երևան քաղաքի տրանսպորտի զարգացման հայեցակարգի շրջանակներում Երևանի քաղաքապետարանը՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և ճանապարհային ոստիկանության հետ համատեղ մշակել են մայրաքաղաքի կենտրոնը տրանսպորտային միջոցներից բեռնաթափելու անհրաժեշտ միջոցառումների ծրագիր, որ բաղադրիչներից մեկը մայրաքաղակի կենտրոնական հատվածներում մերձքաղաքային ուղևորատար տրանսպորտային միջոցների կայանումն արգելելն է։ Ծրագրի այս մասով նախատեսվում է, որ Երևան քաղաք մուտք գործող մերձքաղաքային երթուղիները իրենց վերջնականգառը հիմնականում պետք է կատարեն Երևան քաղաքի ավտոկայաններում կամ քաղաքապետարանի կողմից նախատեսված համապատասխան երթակարգավարական կետերում։
Ըստ այդմ Երևանի քաղաքապետարանն առաջարկում է, որ Արագածոտնի մարզի կողմից Երևան եկող ուղևորատար տրանսպորտային միջոցները, որոնք շարժվում էին Կիևյան, Բաղրամյան, Պարոնյան, Պռոշյան փողոցներով, այսուհետ կայանեն ոչ թե Պարոնյան փողոցում, այլ Լենինգրադյան փողոցից Ծիծեռնակաբերդի և Աթենքի խճուղով մուտք կգործեն Կենտրոնական ավտոկայան։
Արարատի մարզից եկած ուղևորատար տրանսպորտային միջոցների համար (այդ թվում նաև նրանց, որոնք նախկին Այրարատ կինոթատրոնի մոտ էին կայանում) որպես վերջնականգառ առաջարկվում է Երկաթուղային կայարանի հարակից հրապարակում հատկացված շուրջ 5.000 քառ. մետր երթակարգավարական տարածքը։
Նախկին Այրարատ կինոթատրոնի մոտ կայանող Գյումրի, Արթիկ, Ստեփանավան, Վանաձոր, Սպիտակ քաղաքաներից եկող տրանսպորտային միջոցների համար որպես վերջնականգառ առաջրկվում է Կենտրոնական ավտոկայանը։
Առաջարկվում է, որ Արմավիրի մարզի կողմից մայրաքաղաք եկող և նախկինում Սարյան փողոցում կայանող ուղևորատար տրանսպորտային միջոցները սպասարկման ծառայություններն իրականացնեն կենտրոնական ավտոկայանից։
Մայրաքաղաքին հարակից հյուսիսային շրջաններից Երևան եկող ուղևորատար տրանսպորտային միջոցների համար որպես վերջնականգառ առաջարկվել է հյուսիսային ավտոկայանը։
Երևանի քաղաքապետարանը վստահեցնում է, որ նշված փոփոխությունները որևէ կերպ չեն խոչնդոտի բնակչության պատշաճ սպասարկմանը։
Նշված բոլոր վերջնականգառներից դեպի մայրաքաղաքի կենտրոն և հակառակ ուղղությամբ գործում են ներքաղաքային համապատասխան երթուղիներ։ Անհրաժեշտության դեպքում այդ երթուղիների թիվը կավելացվի։








































