Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է երկրի նախագահ ընտրվել՝ ասել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Այս մասին փոխանցում է Anadolu գործակալությունը:
Նրա խոսքով՝ դեռևս հայտնի չէ՝ Էրդողանը կառաջադրի՞ իր թեկնածությունը նախագահական ընտրություններին:
Երկրում նախագահական ընտրությունները նշանակված են 2014-ի օգոստոսի 10-ին: Եթե թեկնածուներից ոչ մեկն ընտրությունների առաջին փուլում 51 տոկոս ձայն չհավաքի, օգոստոսի 24-ին կանցկացվի երկրորդ փուլ:
2007-ին կայացած հանրաքվեի արդյունքներով՝ 2014-ից սկսած Թուրքիայի նախագահը կընտրվի ոչ թե խորհրդարանի, այլ ժողովրդի կողմից: Համաձայն հանրաքվեի արդյունքների՝ Թուրքիայի նախագահը կընտրվի 5-ամյա ժամկետով՝ 7-ի փոխարեն:








































