Մինչ «Ժառանգությունը» ոչ խորհրդարանական 4 ուժերի ղեկավարներին հրավիրում է հանդիպման և ՀԱԿ-ի հետ միասին թերևս հույսեր է կապում այդ ֆորմատի ապագայի հետ, «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ գնացել է օդանավակայան և Սերժ Սարգսյանին ճանապարհել Թուրքմենստան, ուր վերջինս գնացել է պաշտոնական այցով:
Ինչպես նախկինում տեղեկացրել էինք, հենց ԲՀԿ-ի նախաձեռնած ոչ իշխանական ֆորմատով հանդիպումների ֆոնին, անգամ դրանից մի փոքր ավելի շուտ Գագիկ Ծառուկյանը, ով ԱԱԽ անդամ է, դադարել էր գնալ օդանավակայան, դիմավորել ու ճանապարհել Սերժ Սարգսյանին:
Թե երեկ երեկոյան ինչու է Ծառուկյանը որոշել օդանավակայան գնալ ու հրաժեշտ տալ Սերժ Սարգսյանին՝ դժվար է ասել: Չի բացառվում, որ Ծառուկյանն, այնուամենայնիվ, հույս ունի, որ իր խնամին՝ Հովիկ Աբրահամյանը, կնշանակվի վարչապետի պաշտոնում, և չի ուզում որևէ կերպ խոչընդոտել այդ հանգամանքին, ուստի որոշել է իր խորին հարգանքը ի ցույց դնել Սերժ Սարգսյանին:
Այս հանգամանքով էր թերևս պայմանավորված նաև ԲՀԿ ոչ ֆորմալ խոսնակ Ստեփան Մարգարյանի հայտարարությունը, թե ԲՀԿ-ն այժմ «պատրաստ չէ» պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը: Սա նաև նշանակում է, որ Հովիկ Աբրահամյանի նշանակումից հետո ԲՀԿ-ի համար արդեն անհնարին կլինի նման հրաժարական պահանջելը:
Քանի որ վարչապետ նշանակվելու դեպքում Հովիկ Աբրահամյանին ու նրա կառավարությանը ԲՀԿ-ն այլևս չի կարող քննադատել, կարելի է ասել, որ ԲՀԿ-ի՝ բոցաշունչ ելույթներով ընդդիմադիր պահվածքը կմնա անցյալում:










































