ՌԱԿ Հանրապետական վարչությունը հայտարարություն է տարածել ՀՀ վարչապետի հրաժարականի առիթով:
Ռամկավար Ազատական կուսակցությունը շատ բարձր է գնահատում Տիգրան Սարգսյանի գործունեությունը որպես ՀՀ վարչապետ և հաստատում է, որ Հայաստանում սկսված մասշտաբային բարեփոխումները սկիզբ առան միայն վերջինիս կառավարության ժամանակաշրջանում: Այդ բարեփոխումները ազդեցին պետության սոցիալ–տնտեսական իրավիճակի և քաղաքական նոր մթնոլորտի ձևավորման վրա:
Տիգրան Սարգսյան վարչապետը, ըստ մեր գնահատման, հանդիսանում էր միջազգային ատյաններում բարձր հեղինակություն վայելող ՀՀ կառավարության ղեկավարներից : Սա էր պատճառը, որ միջազգային ֆինանսական ճգնաժամի ամենածանր շրջանում ՀՀ կարողացավ ներգրավել վարկային նոր միջոցներ երկիրը ճգնաժամից դուրս բերելու համար:
Նախկին վարչապետը հսկայական աշխատանք կատարեց ստեղծելու համար տարածաշրջանի ամենակայուն ֆինանսական համակարգը:
Միաժամանակ նրա վարչապետության օրոք ՀՀ-ի ՀՆԱ կառուցվածքում կատարվեց էական փոփոխություն և ՀՀ զարգացման մեջ կարևոր դեր սկսեց կատարել արտադրությունը, որը մեր պետության տնտեսության զարգացման շարժիչ ուժն է:
Տիգրան Սարգսյանը առաջին վարչապետ էր, ով կարևորեց արտահանմանն ուղղված և գիտելիքահեն տնտեսության ստեղծման առաջնահերթությունը պետության զարգացման հեռանկարի առումով: Նրա վարչապետության շրջանում ՀՀ-ի արտաքին առևտրաշրջանառության մեջ սկսեց աճել արտահանման ծավալը՝ մոտ 2 անգամ գերազանցելով մինչ այդ եղած արդյունքը:
Նախկին վարչապետի գործունեությունը կարևոր էր նաև որպես պետության ռազմավարական ապագայով մտահոգ մարդու, ով հասկանում էր, որ ՀՀ-ի զարգացման ու հզորացման համար կարևոր է ոչ միայն այսրոպեական խնդիրների լուծումը, այլև հեռանկարային ծրագրերը և դրանց հիմնադրումը հենց այսօր, ինչը կամրացնի պետության հիմքերը տեսանելի հեռանկարում: ՌԱԿ-ը շնորհակալ է նախկին վարչապետին ակտիվ համագործակցության համար և բարձր է գնահատում նրա ավանդը ՀՀ պետական համակարգի զարգացման գործում, միաժամանակ հաջողություն մաղթելով ՀՀ ապագա վարչապետին նրա հայրենաշեն և ազգաշեն բոլոր գործերում:







































