Ղազախստանն անտարբեր է ՄՄ-ին ՀՀ անդամակցության հարցում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ղազախստանցի քաղաքական վերլուծաբան Վասիլի Միսնիկը՝ անդրադառնալով այն տեսակետներին, թե Ղրիմի անեքսիայի հարցում Ղազախստանի աջակցությունը ՌԴ-ն կփոխհատուցի ՄՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացը հետաձգելով, որպեսզի Ղազախստանը գոհացնի իր ռազմավարական դաշնակցին: Փորձագետն ասաց, որ տնտեսական առումով Հայաստանի ներկայությունը կամ բացակայությունը ՄՄ-ում Ղազախստանի համար միևնույն է, քանի որ փոխադարձ առևտրի ծավալները չափազանց փոքր են, իսկ ընդհանուր տնտեսական նախագծերը բացակայում են:
Ըստ փորձագետի՝ ի տարբերություն Հայաստանի, Ղազախստանի համար իրական խնդիրը Ղրղզստանի անդամակցությունն է ՄՄ-ին: Վերջինս դժվար թե կարողանա հասցնել իր պետապարատն ու սահմանների վերահսկողության մակարդակը, ստվերային տնտեսության և տարածաշրջանային էլիտաներին կարգի այն աստիճանին, որը, Ղազախստանի կարծիքով, անհրաժեշտ է իր հարավային սահմանների վրա:
«Քաղաքական տեսանկյունից Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին կարող է լինել անհանգստացնող գործոն, սակայն ավելի պակաս չափով, քան, օրինակ, Ղրիմի միացումը ՌԴ-ին: Արևմտյան երկրներն արդեն փորձում են միջոցներ ձեռք առնել, որպեսզի չճանաչեն Ղրիմը՝ որպես ռուսական, ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական:
Այն վարկածը, թե Ղազախստանն աջակցել է Ղրիմի անջատմանը Ուկրաինայից, որպեսզի ձգձգի ՄՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացն Ադրբեջանին քծնելու համար՝ ծիծաղելի է: Ռուսաստանի մասնակցությամբ հետսովետական երկրների սահմանների փոփոխությունն Ադրբեջանի համար բավական վտանգավոր օրինակ է Ղարաբաղի խնդրի առումով, և Հայաստանի չանդամակցելը տնտեսական միությանը այն գինը չէ:
Դեռ հնարավոր չէ ասել, թե ինչ գին է առաջարկել Ռուսաստանը Ղազախստանին ղրիմյան հարցում, հնարավոր է՝ այն բացահայտվի մի քանի ամիս անց ՄՄ-ում Ղազախստանի համար մի քանի ցավալի խնդիրների լուծման ընթացքում, բայց հնարավոր է նաև, որ մենք ոչինչ չիմանանք»,- ասաց Վասիլի Միսնիկը՝ հավելելով, որ Ղազախստանի քաղաքական դաշտում դեռ մի քանի ամիս առաջ սկսված վերադասավորումները, որոնց գագաթնակետը դարձավ կառավարության հրաժարականը, սաստիկ թուլացրել են այսպես կոչված՝ ազգայնամոլ սեկտորին, որի հիմնական կարգախոսը ՄՄ-ի քայքայումն էր, իսկ այսպես կոչված՝ եվրասիականների դիրքերն ավելի ամրապնդվել են:








































