Երեկ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի դիմումը ընդունվել է Սերժ Սարգսյանի կողմից, և այսօրվանից քննարկվում է, թե ով կարող է զբաղեցնել Հայաստանի գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնը: «Առաջին լրատվական»-ի Realpolitik հաղորդաշարի հյուրն է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը:
-Պարոն Սաֆարյան, Ձեզ համար անակնկա՞լ էր այդ որշումը, թե՞ ոչ: Ձեր կուսակցությունը մասնակցում է ոչ իշխանական ուժերի աշխատանքներին, և դա արդյոք այդ ճնշումների արդյո՞ւնք էր, ավելի ներքի՞ն պատճառներ կային, թե՞ արտաքին:
-Ես այս պահին թերևս կներկայացնեմ բացառապես իմ տեսակետները ավելի շատ որպես վերլուծաբան, քան որպես «Ժառանգության» ներկայացուցիչ, այն պատճառով, որ դեռ կուսակցությունը քննարկելու, հասկանալու, տարբեր մարդկանց տեսակետներ լսելու և ընդհանուր դիրքորոշում ձևավորելու առիթ չի ունեցել:
Ասեմ հետևյալը. ինձ համար շատ կարևոր երկու ժամանակային միջանցք է եղել, երկու վերջնաժամկետներ են գոյություն ունեցել: Մեկը մայիսն էր, երբ Հայաստանը պետք է Մաքսային միության հետ ստորագրեր միջազգային համաձայնագիր ասոցացման վերաբերյալ, մյուսը` 2015 թվականի հունվար 1-ը, երբ արդեն Հայաստանը պետք է մուտք գործեր նաև Եվրասիական տնտեսական տարածք: Հետևաբար, հաշվի առնելով այն հանգամանքը, որ, ըստ էության, Տիգրան Սարգսյանը և նրա թիմը համարվում են եվրաինտեգրատորներ, ես միշտ մտածում էի, որ գուցե Ռուսաստանից ավելի շուտ ազդակներ կլինեն այն մասին, որ նա անցանկալի վարչապետ է և այնքան էլ պետքական չէ Հայաստանը Մաքսային միություն տանելու հարցում: Եվ հետևաբար, ես տեսնում էի այս երկու ժամկետները և սպասում էի, որ եթե ոչ մայիսին, ապա գոնե տարեվերջին այդ հրաժարականի հարցը կլուծվի, այսինքն՝ երբ Տիգրան Սարգսյանը, ըստ էության, կատարած լինի իր առաքելությունը և այլևս որպես թույլ, թուլացված վարչապետ և կառավարւթյուն որևէ մեկին պետք չլինի` ոչ Հայաստանում Սերժ Սարգսյանին, ոչ էլ Մաքսային միությանը և առաջին հերթին՝ Կրեմլին:
Հետևաբար, ասել, թե հարյուր տոկոսով սպասում էի, որ հենց հիմա նա պետք է հեռանար՝ ճիշտ չէր լինի: Բայց երեկ, երբ լսում էի հիմնական հայտարարությունները, թե ինչու է Տիգրան Սարգսյանը հրաժարական տվել, երբ է ներկայացրել այդ դիմումը, առավել քան համոզվեցի, որ Սերժ Սարգսյանի կողմից այս քայլը, որ, ըստ էության, հետաձգվեց փետրվարից մինչև ապրիլ, ավելի շատ արտաքին քաղաքական խնդիրներ է լուծում, քան ներքին քաղաքական հարցեր:
Իհարկե, ներքին քաղաքականության մեջ այն լուրջ պատային իրավիճակ է ստեղծում հատկապես 4 քաղաքական ուժերի համար, ինչպես նշեցիք՝ ոչ ընդդիմադիր, ես միշտ անվանում եմ այլընտրանքային ընդդիմադիր ուժերի քառյակ, և, հետևաբար, այս կտրվածքով խոսենք արտաքինից:
Նախ մայիսին, ինչպես Տիգրան Սարգսյանն էլ էր հայտարարել տարեվերջյան ասուլիսին, պետք է պատրաստ լիներ Հայաստանի անդամակցության միջազգային պայմանագիրը:
Հիմա եթե հաշվի ենք առնում, որ հրաժարականի ընդունման օր համարում ենք այսօր, և երեկ արդեն հայտարարվել է, որ ընդունվել է, ապա առնվազն տասը օր պետք է տեղի ունենան խորհրդակցություններ, ամենաուշը 10-րդ օրը պետք է հռչակվի վարչապետի անունը, որից հետո 20 օրվա ընթացքում ձևավորվում է կառավարությունը, որից հետո 20 օրվա ընթացքում ԱԺ է ներկայացվում նոր կառավարության գործունեության ծրագիրը և հաստատվում է, որը տեղի է ունենում ևս 5 օրվա ընթացքում:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:









































