Այնպիսի մարդկանց, ինչպիսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է, պետք է դատել Հաագայի տրիբունալում կամ այլ միջազգային դատարանում, ասել է Լեհաստանի նախկին նախագահ, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Լեխ Վալենսան, հայտնում է «Գրուզիա օնլայնը»՝ վկայակոչելով «Խարտիա-97»-ին:
«Չի կարելի նորմեր, պայմանագրեր խախտել և վտանգ ստեղծել աշխարհի ժողովուրդների համար: Պետք է որևէ բան անել, որպեսզի յուրաքանչյուրը նախօրոք իմանա, որ նման վարքի համար դատարանի առջև կկանգնի: Դրա համար պետք է համաշխարհային հանձնաժողով ստեղծել և գործընթաց սկսել Ռուսաստանի դեմ»,- ասել է Վալենսան:
Նա նշել է, որ «աշխարհը չպետք է շախմատ խաղա Պուտինի հետ, որը բոքսով է զբաղվում»:
«Եթե հիմա նրան ամեն ինչ ներվի, դա վատ կվերջանա բոլորիս համար: Մենք պետք է համաշխարհային «Համերաշխություն» ստեղծենք, միայն ավելի ժամանակակից: Մենք պետք է յուրաքանչյուր երկրի հարցնենք՝ դու, անկեղծ ասած, ի՞նչ կարող ես անել Ուկրաինայի համար: Եվ մենք միանգամից կտեսնեինք, թե ինչպես կարող ենք պայքարել, և ով է մեզ հետ: Հույս ունեմ՝ աշխարհը Պուտինին տղամարդավարի կպատասխանի»,- ասել է Վալենսան:









































