Մարտի սկզբին Հնդկական օվկիանոսում անհետացած մալայզիական ինքնաթիռի հայտնաբերման միջազգային օպերացիայի մասնակիցները սկսել են սև արկղերի որոնման աշխատանքները:
Ավստրալիայում տեղակայված որոնումների կոորդինացման կենտրոնի տվյալներով՝ օպերացիայում ներգրավվել է 14 ինքնաթիռ ու 9 նավ:
Հնդկական օվկիանոսում որոնման մակերեսը կազմում է 217 հազար քառակուսի կիլոմետր՝ հայտնում է CNN-ը:
Օպերացիան ապահովելու է բրիտանական ռազմածովային ուժերի Echo հիդրոգրաֆիական նավն ու ավստրալական ծովային Ocean Shield փոխադրողը:
Որոնումներում կներգրավվեն նաև ամերիկյան ստորջրյա սարքավորումներ: Այս մասին հայտարարել է Միացյալ կոորդինացիոն որոնողական կենտրոնի ղեկավար Էնգուս Հյուսթոնը:
Էխոտեղորոշիչ մոդուլը, որն ի վիճակի է հայտնաբերել սև արկղը, գտնվում է Ավստրալիայի Ocean Shield ռազմածովայիան ուժերի նավի վրա:
Ինքնաթիռների սև արկղերի ստորջրյա որոնման աշխատանքները սկսվում են ճգնաժամային պահին՝ դրանց մարտկոցները ապալիցքավորվում են ու մնում առանց սնուցման:










































