Ադրբեջանի «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Հաֆիզ Հաջիևը սպառնացել է կտրել Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու ականջը: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
Սպառնալիքի պատճառը Ադրբեջանի մասին Ժիրինովսկու դատողություններն են, որոնք Հաջիևը վիրավորական է համարել:
«Այդ վիրավորանքների համար ես անձամբ կկտրեմ նրա ականջը: Իսկ ով չի կարող ըստ արժանվույն պատասխանել Ժիրինովսկուն, նմանվում է նրան»,- ասել է Հաջիևը: Իր մտադրությունների մանրամասներ նա չի հայտնել:
Ավելի վաղ՝ 2013-ին, Հաֆիզ Հաջիևը «խոստացել էր» կտրել ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի ականջը: Հիշեցնենք, վերջինս իր հայրենիքում սուր քննադատության ենթարկվեց իր «Քարե երազներ» վեպի համար, որում պատմում է Ադրբեջանում հայերի ջարդերի մասին:
Հաջիևի դժգոհությունը հարուցել է վերջերս Պետդումայում Ժիրինովսկու ելույթը՝ «Ադրբեջան» բառի իմաստաբանության շուրջ: «Ի՞նչ է Ադրբեջանը: Ես Ձեզ համար ռուսերեն կթարգմանեմ: Ադր՝ Խազեր դենիզի, այսինքն՝ Կասպից ծով, բաջա՝ ծայր: Այսինքն՝ նրանք մարդիկ են, որոնք ապրում են Կասպից ծովի ափին: Ռուսերեն՝ կասպիացիներ: Ի՞նչ է դա, ազգությո՞ւն է: Դրանք այնտեղ ապրող մարդիկ են»,- ասել է Ժիրինովսկին:
Ժիրինովսկու խոսքերին արձագանքել է նաև Ադրբեջանական համառուսական կոնգրեսը (ԱՀԿ): Նա Պետդումա նամակ է հղել, որում պահանջել է, որպեսզի Ժիրինովսկու ելույթը քննարկի Դումայի էթիկայի հանձնաժողովը: Կոնգրեսը նաև գլխավոր դատախազությանն ուղղված նամակ է պատրաստել. «Մեր նպատակն է, որ ադրբեջանցի ժողովրդի ձայնը, որն անարդարացի հարձակումների ու զրպարտության է ենթարկվել, լսելի լինի, իսկ մեղավորը՝ Վլադիմիր Ժիրինովսկին, օրենքի շրջանակներում պատասխանատվության ենթարկվի»,- հայտարարել է ԱՀԿ գործադիր տնօրեն Իլգար Հաջիևը:







































