Մարտի 31-ին և ապրիլի 1-ին Պրահայում Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև անցկացվել են հերթական քաղաքական խորհրդակցությունները: Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը, չեխական կողմից` արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Պետր Դրուլակը:
Կողմերը քննարկել են Հայաստանի և Չեխիայի միջև քաղաքական երկխոսության շարունակականությանը, միջազգային կազմակերպություններում փոխգործակցությանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, մշակութային և կրթական ոլորտներում համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Ընդգծվել է առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն համար հետևողական աշխատանքի կարևորությունը: Բանակցությունների օրակարգում են նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունները:
Տեղի է ունեցել մտքերի փոխանակում Քեսաբում վերջին զարգացումների վերաբերյալ: Չեխ դիվանագետը դատապարտել է խաղաղ ազգաբնակչության բռնությունների դեպքերը:
Խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք այլ հարցերի:
Պրահա կատարած այցի շրջանակներում ԱԳ նախարարի տեղակալն ունեցավ նաև երկկողմ հանդիպումներ: Մասնավորապես,Չեխիայի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության պետ Հինեք Կմոնիչեկի հետ կայացած հանդիպմանը քննարկվել են ապրիլի 24-25-ին Պրահայում տեղի ունենալիք ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի 5-ամյակին նվիրված բարձր մակարդակի հանդիպման օրակարգային մի քանի հարցեր:
Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատում փոխնախարար Մնացականյանը Հայաստան-Եվրամիություն, Հայաստան-Չեխիա հարաբերությունների և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ մտքեր փոխանակեց Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամների հետ՝ խմբի ղեկավար, պալատի բնապահպանության կոմիտեի նախագահ Րոբին Բյոհնիշի գլխավորությամբ: Զրույցի ընթացքում կողմերը մեծապես կարևորել են միջխորհրդարանական գործակցության հետագա ընդլայնումն ու զարգացումը:









































