Բժիշկները 22-օրյա վեգանային սննդակարգը, որին հետևում է փոփ-երգչուհի Բեյոնսեն, առողջության համար վտանգավոր են անվանել, հաղորդում է The Independent-ը:
Երգչուհին սկսել է հետևել այս սննդակարգին 2018-ի Coachella փառատոնի նախօրեին, որտեղ նա ելույթ է ունեցել: Մեկ ամիս առաջ Բեյոնսեն մանրամասնորեն խոսել է սննդակարգի մասին գովազդային հոլովակում, որը տեղադրվել է նրա YouTube-ի պաշտոնական էջում:
«Ոչ հաց, ոչ ածխաջրեր, ոչ շաքար, ոչ կաթնամթերք, ոչ միս, ոչ ձուկ և ոչ մի ալկոհոլ: Ես սոված եմ»,- սննդակարգի սկզբունքների մասին պատմել է երգչուհին: Չնայած այն բանին, որ սննդակարգը նախատեսված է 22 օրվա համար, Բեյոնսեն դրան հետևել է 44 օր: Միևնույն ժամանակ, երգչուհու ընդունած կալորիաների քանակը նվազել է օրական մինչև 1.4 հազարի՝ կանանց համար նախատեսված 2 հազար կալորիայի (տղամարդկանց համար՝ 2.5 հազար կալորիա) փոխարեն:
Բրիտանացի սննդաբան Դանիել Օ’Շոնեսիի խոսքերով, երգչուհու սննդակարգը կարող է հանգեցնել «սննդարար նյութերի սակավության» և անբավարար կալորիաների ընդունման:
«Սովորական մարդու համար կարող է վտանգավոր լինել այս սննդակարգին հետևելը՝ առանց սննդաբանների և հրահանգիչների թիմի, ինչպես դա անում է Բեյոնսեն»,- ասել է Օ’Շոնեսին: Մասնագետը նաև նշել է, որ ակտիվ մարզումների դեպքում նման սննդակարգին հետևելը կարող է հյուծման հանգեցնել:
Երգչուհու սննդակարգի հեղինակ Մարկո Բորխեսը արձագանքել է քննադատությանը. «Բեյոնսեն բուսական սննդի և ամենօրյա վարժությունների համադրությունն օգտագործել է որպես Coachella-ին նախապատրաստական մաս: Եվ սննդակարգին հետևելու արդյունքում նա հասավ իր նպատակներին և կարողացավ փայլուն ելույթ ունենալ փառատոնում»:
Կետո-դիետան, որը նախկինում տարածված էր հայտնիների շրջանում, երբ սննդի մեջ օգտագործվում էր ճարպերով հարուստ և ածխաջրերի ցածր պարունակությամբ ուտեստներ, նույնպես վտանգավոր է ճանաչվել: Մասնագետների խոսքերով, այն բացառում է առավել օգտակար մթերքները:








































