ՀՀ երկրորդ նախագահը «թեժ աշուն» է խոստացել, և դա հատկապես ուշագրավ է ԵԱՏՄ երկրների վեհաժողովի շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարելիք այցից առաջ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զույցում դերասան Սերգեյ Դանիելյանը նշեց, որ ոչ մի թեժ աշուն չի լինի, դա ուղղակի փիար է. «Ինձ չի թվում, թե Պուտինը Քոչարյանի ընկերն է կամ պետք է մտածի նրա մասին: Հերիք է Քոչարյանից քաղաքական գործիչ կամ քաղաքական գործոն դարձնենք. ժողովրդի մեծ մասը զզվում է նրանից, նա ընդամենը կարող է լինել ինչ-որ կլանի կամ թայֆի շեֆ, որը փող կտա»:
Անդրադառնալով Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններին, Ս. Դանիելյանն ընդգծեց. «Այնպիսի վիճակ է ստեղծվել վերջին 30 տարիներին, որ միայն մի բևեռից ենք կախված մնացել՝ չմտածելով, որ այդ բևեռը կարող է քանդվել. Ռուսաստանը կատակլիզմաների մեջ է, քանդվում է, մենք էլ կողքից ցնցվում ենք:
Մեր իշխանությունները զբաղված են հաչացող շների վրա քար շպրտելով: Եթե ամեն հաչացող շան վրա քար գցես, տեղ չես հասնի: Լավ կլիներ նպատակ ունենայինք ու հասկանայինք՝ վաղը որ Ռուսաստանը չլինի, ի՞նչ ենք անելու, ի վերջո մեր սահմանները ռուսական զորքերն են պահում, նախորդ իշխանությունը «հոգ է տարել», որ վաճառի մեր հայրենիքը, մեր գրեթե ամբողջ կապիտալը Ռուսաստանի ձեռքին է: Եվ եթե Ռուսաստանը քանդվի, մենք ինչ ենք անելու, դա է կարևորը… Ես ելք չեմ տեսնում: Ես «Սասնա ծռերին» ձայն կտամ»: Դերասանի կարծիքով՝ նախկին համակարգը դեռևս չի փլվել:
Ս. Դանիելյանի խոսքով՝ վարչապետը, ըստ երևույթին, կաշկանդված է Ռուսաստանի ճնշումներով. «Պետք է քաղաքական գնահատական տալ, դեկլարացիա ընդունել, որ մենք բռնազավթված պետություն ենք եղել, և պետք է նոր հարաբերություններ սկսել. պետք է ախտորոշել հետո անցնել բուժմանը»:
Մանրամասն՝ տեսանյութում:







































