«Ասում եք՝ 7, բայց կարող ենք ասել նաև՝ 17, որովհետև Հայաստանում կան բազմաթիվ կառույցներ, որոնք ներկայացնում են մեկ հոգի, բայց անունը կուսակցություն է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց քաղաքագետ Վիգեն Խաչատրյանը՝ անդրադառնալով այն կուսակցություններին, որոնք հայտարարություն են տարածել՝ իշխանությանը մեղադրելով դատական իշխանությունը յուրացնելու փորձի մեջ:
Իսկ թե ինչ նպատակով են նրանք այդ հայտարարությունը տարածել, քաղաքագետը համոզված է՝ նրանց նպատակները տարբեր են. «Չեմ ուզում գնահատականներ տալ, բայց փաստն այն է, որ նրանք ուժ չեն: ՀՅԴ-ն խորհրդարանական ընտրությունների ժամանակ որոշակի քվե ստացել է, և դա հարգանքի արժանի է: Բայց թե ինչու է Դաշնակցությունն իրեն իջեցրել այդ մակարդակի և հավասարվել լուսանցքային ինչ-որ կազմակերպությունների՝ դա իրենց պրոբլեմն է»:
Վիգեն Խաչատրյանը, այսպիսով, երկրորդական է համարում այն, թե ովքեր են ասում, այլ կարևորում է, թե ինչ են ասում. «Ասում են, որ մեզ պետք են դատաիրավական բարեփոխումներ, սակայն փաստենք, որ օրվա իշխանությունը միակ ռեալ քաղաքական ուժն է, որն իրոք ուզում է այդ խնդիրը լուծել, մնացածները իմիտացիա են անում. նրանք իրենց կենսագրությամբ ապացուցել են, որ այդքան էլ չեն ուզում և լավ էլ համակերպվել են ոչ ազատ և ոչ անկախ դատական համակարգին»:
Վիգեն Խաչատրյանն ընդգծեց՝ այս հայտարարությունը կլիներ ընդունելի, եթե առաջին պայմանը լիներ իրեն վարկաբեկած դատական համակարգից ազատվելը, հետո անկախի մասին խոսելը. «Բայց դա իրենք չեն անում: Այս մտածողության տեր մարդիկ չէին հավատում նաև, որ կարող է հեղափոխություն լինել. նրանք ասում էին՝ պետք է համակերպվենք և աշխատենք ներազդել իշխող իշխանության վրա: Այսինքն՝ ըստ նրանց՝ Սերժ Սարգսյանը պետք է լիներ վարչապետ»:
Քաղաքագետը փառք տվեց Աստծուն, որ ազատվել ենք նախկին մղձավանջից. «Դա չի նշանակում, որ ունենք հրաշալի գործադիր և օրենսդիր մարմին. հրեշտակներ չեն իջնելու երկնքից»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:







































