Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրիկ Իսկոյանի նախագահությամբ ընթանում է Վարդենիս քաղաքի բնակիչ Սոս Շաբոյանի գործի դատական քննությունը:
Մոր հետ վիճաբանության, ինչպես նաև այն պատճառով, որ իրենց տան սեփականության իրավունքի վկայականում որպես սեփականատեր նշված է եղել միայն մայրը, վերջինիս սեփականությունը հանդիսացող, 10 միլիոն 132 հազար 950 դրամ արժողություն ունեցող տունը և գույքը հրկիզման եղանակով ոչնչացնելու դիտավորությամբ Սոսը 2013 թվականի օգոստոսի 15-ին, ժամը 21-ի սահմաններում լուցկիով վառել է տան բազմոցի ծածկոցները, պահարանում կախված հագուստները:
Հրդեհ է բռնկվել:
Այրվել է տան ու գույքի մի մասը: Հանցագործությունը կատարողի կամքից անկախ ավարտին չի հասել, որովհետև ահազանգով տեղ են հասել հրշեջ ծառայության աշխատակիցները և մարտական երկու հաշվարկով կարողացել են մարել հրդեհը:
Սոսը հասցրել է իր մայրիկին՝ տան ու գույքի սեփականատիրոջը պատճառել 2 միլիոն 198 հազար դրամի գույքային վնաս:
Սոս Շաբոյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-185 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Որպես իրեղեն ապացույց՝ գործին կցված են նաև մեկ կրակայրիչ ու երկու տուփ լուցկի:
Սոս Շաբոյանի խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:








































