Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ ավարտվել է Արամ Դիլանյանի գործի դատական քննությունը:
45-ամյա Արամ Դիլանյանը մեղադրվում էր մորաքրոջը դիտավորությամբ սպանելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Նա արգելանքի տակ է 2011 թվականի հունիսի 3-ից:
Ըստ դատական ակտի՝ հաստատված է համարվել հետևյալը:
Կուտակված պարտքերի պատճառով իր բնակարանը վաճառելուց հետո Արամ Դիլանյանը 2010 թվականին տեղափոխվել է 1940 թվականին ծնված մորաքրոջ՝ Սվետլանայի բնակարան ու ապրել է նրա հետ համատեղ՝ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի շենքերից մեկում:
Արամի փաստացի կինը հրաժարվել է ապրել այդ բնակարանում՝ տանտիրուհու ծանր բնավորության ու բնակարանի կեղտոտության պատճառով:
Արամը ոչ մի տեղ չի աշխատել, դրամական օգնություն է ստացել Հոլանդիայում բնակվող մորից ու եղբորից և խնամել է 2011 թվականի սկզբից հիմնականում անկողնային վիճակում գտնվող մորաքրոջը:
Համատեղ ապրելու ընթացքում Արամը հաճախ վիճել է մորաքրոջ հետ՝ փորձելով այլ անձանց օգնությամբ կարգի բերել թափթփված բնակարանը, լողացնել անձնական հիգիենային չհետևող Սվետլանային: Բայց վերջինս թույլ չի տվել մաքրել բնակարանը, լողացնել իրեն:
Արամն անձնական այլ խնդիրներ էլ է ունեցել, չարաշահել է ալկոհոլը, նա տառապել է երկրորդ աստիճանի խրոնիկ ալկոհոլիզմով:
2011 թվականի հունիսի 2-ին Արամը գնել է 2 շիշ գարեջուր, 1 շիշ օղի, պահածոյացված սիսեռ: Երեկոյան հյուրասենյակում խմել է օղու մեծ մասը ու գարեջուրը:
Այդ ընթացքում մորաքույր Սվետլանան մի քանի անգամ դուրս է եկել ննջարանից ու, պատշգամբի պատուհանը բացելու համար դիտողություն անելով Արամին, փակել է պատուհանը:
Վերջին անգամ մորաքույրը նորից հյուրասենյակ է մտել ու Արամին ասել. «Ա՛յ անասուն, ասում եմ՝ փակի պատուհանը»:
Արամը, ալկոհոլի ազդեցության տակ լինելով, պահանջել է, որ մորաքույրը դուրս գա հյուրասենյակից, իր վրայից եկող գարշահոտությունը չտարածի հյուրասենյակում, թույլ տա՝ մաքուր օդ շնչել:
Նա մոտեցել է մորաքրոջը, փորձել է նրան դուրս բերել սենյակից: Մորաքույրը դիմադրել է:
Արամի նյարդերը տեղի են տվել, նա, ըստ դատավճռի, սկսել է բռունցքներով հարվածել մորաքրոջը, իսկ երբ վերջինս հարվածներից ընկել է, Արամը շարունակել է ոտքով հարվածել նրան:
Այնուհետև գետնից բարձրացրել է մորաքրոջը, պառկեցրել: Ինքն էլ դատարկել է օղու շիշն ու քնել:
Երբ արթնացել է, տեսել է, որ մորաքույրը մահացել է: Անմիջապես զանգել է կնոջը, հորաքրոջ որդուն, իսկ հետո՝ շտապօգնություն:
Շտապօգնության բժիշկը, տեսնելով, որ մահացածի մարմնին վնասվածքներ կան, տեղեկացրել է ոստիկանությանը:
Արամը բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, քիչ անց, որպես վկա, ապա որպես կասկածյալ հարցաքննվելով, տվել է խոստովանական ցուցմունքներ: Հետո հրաժարվել է այդ ցուցմունքներից:
Ընդհանուր իրավասության դատարանում Արամ Դիլանյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել:
Նա պատճառաբանել է, թե ոտքերով ու ձեռքերով մորաքրոջը չի հարվածել, չի սպանել նրան: Նախաքննության ընթացքում որպես վկա ու կասկածյալ տված ցուցմունքները գրել է իր նկատմամբ կիրառված բռնությունների արդյունքում, դրանք ճիշտ ցուցմունքներ չեն:
Ինքը խնամել է հիվանդ, «ինսուլտ տարած», տեսողությունը համարյա կորցրած մորաքրոջը:
Վերջինս հաճախ ընկել է բնակարանում, գլուխը խփել այսուայնտեղ, պարբերաբար վնասվածքներ է ստացել: Եղել է դեպք, երբ ինքը տուն է մտել, տեսել, որ մորաքույրն ընկած է վնասված ու արյունահոսող գլխով:
Արամենց հարազատներն ամբողջ դատական քննության ընթացքում դատարանում ափսոսում էին Արամին, ոչ թե մահացած Սվետլանային: Բոլորն էլ ասում էին, որ այդ կինը չափազանց ծանր բնավորություն է ունեցել, ոչ ոք նրան չի սիրել:
Դատաբժշկական փորձաքննությունների եզրակացություններով՝ տուժող կնոջ մահը վրա է հասել գլխուղեղի կարևոր կենսական ֆունկցիաների խանգարումից՝ գանգուղեղային փակ, բութ վնասվածք ստանալու հետևանքով:
Դիակի վրա հայտնաբերվել են նաև արյունազեղումներ, սալջարդ վերքեր, հեղուկ արյուն ուղեղի փորոքներում, ուղեղանյութի կետավոր արյունազեղումներ, կողերի կոտրվածքներ:
Ընդհանուր իրավասության դատարանն ապացուցված է համարել Արամ Դիլանյանի մեղքը մորաքրոջը դիտավորյալ սպանելու համար:
Արամ Դիլանյանը դատապարտվել է 10 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2011 թվականի հունիսի 3-ից:







































