Ձևավորվելիք նոր աշխարհակարգում իր նշանակալի դերը կունենա ՌԴ-ն: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց թուրքագետ, պատմաբան, վերլուծաբան Ռուբեն Սաֆրաստյանը` խոսելով տարածաշրջանային զարգացումների շուրջ: Նա նշեց, որ ականատես ենք լինում մի իրադարձության, որի նշանակությունը դեռ երկար ժամանակ կզգացվի: Նրա համոզմամբ` մենք նոր աշխարհակարգի ստեղծմանն ենք ականատես դառնում:
«Նոր աշխարհակարգը գալիս է փոխարինելու այն աշխարհակարգին, որը ստեղծվել էր երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Որպես պետություն՝ պետք է կարողանանք կողմնորոշվել և գտնել մեր տեղը` հաշվի առնելով նոր աշխարհակարգի առանձնահատկությունները:
Վերջին տարիներին ՄԱԿ-ը ենթարկվեց հզոր հարվածների: Պետք է տեսնենք` ինչ նոր կառուցվածք կունենա նոր աշխարհակարգը, որտեղ ՌԴ-ի դերը կլինի ավելի մեծ, քան մենք տեսանք վերջին երկու տասնամյակներում»,- ասաց վերլուծաբանը: