«Այն շտապօգնության ծառայությունը, որն ունենք այսօր, բոլորովին այլ ծառայություն է: Անկախության տարիներից սկսած՝ մենք մշտապես խնդիրներ ենք ունեցել և՛ կադրերի, և՛ մեքենաների, և՛ դեղորայքի: Իսկ հիմա մենք ուզում ենք ամրագրել մի իրավիճակ, որ մեր երկրի շտապօգնության ծառայությունը հագեցած է և՛ մեքենաներով, և՛ կադրերով, և՛ դեղորայքով: Մենք հիմա գործ ունենք ժամանակակից, արդիական ծառայության հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը:
Նրա խոսքով՝ ծառայության արդիականացման գործընթացը շարունակվում է, այսուհետ բոլոր մեքենաները հագեցվելու են հայկական արտադրության պլանշետներով, որպեսզի բժիշկները մինչև կանչը արդեն իսկ իմանան, թե ուր են գնում, ինչ հիվանդի մոտ են գնումև ինչի հետ գործ ունեն: «Դա բերելու է ավելի ժամանակակից մոտեցումների, բուժօգնության որակի բարձրացման և մատչելիության, կանչերի արագ իրականացման»,- հավելեց փոխնախարարը:
Առողջապահության նախարարության աշխատակազմի արտահիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Ռուզաննա Յուզբաշյանն էլ նշեց, որ շտապօգնության ծառայության արդիականացման ծրագրի արդյունքների մասին է խոսում նաև այն, որ մի քանի անգամ ավելացել է կանչերի թիվը, զուգահեռաբար նվազել են կանչերի արդյունքում հոսպիտալացման դեպքերը, ինչը, Յուզբաշյանի խոսքով, վկայում է, որ շտապօգնության ծառայության բժիշկները կարողանում են տեղում ցուցաբերել այնպիսի օգնություն, որ հիվանդին հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն չի առաջանում:
Յուզբաշյանը նշեց նաև, որ այսուհետ արդեն գործելու է առանձին, մասնագիտացված մանկական բրիգադ, քանի որ տարիների փորձը ցույց է տվել, որ ընդհանուր կանչերի 12 տոկոսը մանկական կանչեր են, ինչին էլ նպաստել է առանձին բրիգադ ստեղծելու անհրաժեշտությանը:
Անդրադառնալով շտապօգնության ծառայության մեքենաների խնդրին՝ տիկին Յուզբաշյանը նշեց, որ չնայած 2011 թվականին Չինաստանի կառավարությունը Հայաստանին նվիրաբերեց 20 ռեանիմոբիլ և 68 գծային շտապօգնության մեքենա՝ հագեցած անհրաժեշտ սարքավորումներով, սակայն տրանսպորտային միջոցների քանակությունը, նրա խոսքով, հեռու է ցանկալիից:
«Խնդիրը ակնառու է հատկապես մարզերի շտապօգնության ծառայություններում, որտեղ տրանսպորտային միջոցների անբավարար լինելու պատճառով հիմնարկների մի մեծ մասը շարունակում է օգտագործել հին մեքենաները, որոնք սարքավորումներով չեն համապատասխանում արդիական վիճակին»,- ասաց Յուզբաշյանը՝ հավելելով, որ հիմա ևս բանակցություններ են տանում Չինաստանի կառավարության հետ ևս նույն խմբաքանակով մեքենաներ ձեռք բերելու համար:









































