Ղրիմում շուրջ 200 մարդ գրոհում է Ուկրաինայի ռազմածովային ուժերի շտաբը: Այս մասին Facebook սոցիալական կայքում հաղորդել է Ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Դմիտրի Տիմչուկը:
««Տեղեկատվական դիմադրություն» խմբի օպերատիվ տվյալներով՝ հենց նոր Ղրիմի այսպես կոչված ինքնապաշտպանական ուժերը՝ շուրջ 200 մարդ, սկսել են գրոհել Ուկրաինայի ռազմածովային ուժերի շտաբը: Դիմակավոր անձինք ջարդել են շտաբի հսկիչ անցակետի դարպասները: Հարձակում գործածների թվում, բացի գրոհայիններից, կան նաև կանայք, որոնք արտահայտում են հասարակության զայրույթը»,-ասել է նա:
Հաղորդագրության համաձայն՝ ուկրաինացի սպաները բարիկադավորվել են ներսում:
Ինչպես հաղորդում է «Ղրիմինֆորմ» գործակալությունը, Ուկրաինայի ռազմա-ծովային ուժերի ներկայացուցիչների հետ բանակցելու է եկել Ռուսաստանի Սևծովյան նավատորմի հրամանատար փոխծովակալ Ալեքսանդր Վիտկոն:
Նախօրեին Սիմֆերոպոլում ռազմական օբյեկտի գրոհի ժամանակ դիպուկահարի հրացանից սպանվել է ուկրաինացի ենթասպա:









































