«Հարկային օրենսգրքի փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո՝ հաջորդ տարի, խոշոր սեփականատերերի կամ օլիգարխների եկամուտներն ավելանալու են. դա օլիգարխներին սպասարկող իշխանությունների հարկային քաղաքականության հետևանքն է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանելով իր այս միտքը՝ հանրային ֆինանսների կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը նշեց. «ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. 2018 թվականին նրանք, միասին վերցրած, վճարել են շուրջ 162 մլրդ դրամ շահութահարկ՝ ներկայիս 20%-ով: 2019թ. շահութահարկի 2 տոկոս տոկոսադրույքի նվազեցման արդյունքում պոտենցիալ հավաքագրվող շահութահարկի 10 տոկոսը նվազելու է՝ 16,2 մլրդ դրամ քիչ գումար, այսինքն՝ այդքան գումարը մնալու է խոշոր գործարարների գրպանում…
Մենք կարող ենք ասել, որ խոշոր բիզնեսները 200-ն են և պատկանում են օլիգարխիկ տնտեսության հիմնասյուներին, որոնք կորզում էին պետության տնտեսական ռեսուրսները: Ստացվում է, որ իշխանություններն իրենց ապաշնորհ քաղաքականության արդյունքում այս մարդկանց գրպանում գումար են ավելացնում՝ իբր թե տնտեսական աճ խթանելու տրամաբանությամբ: Տնտեսական աճի խթանման համար առաջարկի և արտահանման խթանումը ես կընդունեի, եթե մենք օլիգարխիկ տնտեսության տարրերը վերացրած լինեինք և ազատ շուկայական տնտեսական հարաբերություններ ունենայինք: Դրան դեռ չենք հասել»:
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ԳՄ խորհրդի քարտուղար Սուրեն Սահակյանի դիտարկմամբ՝ օլիգարխները, որոնք ազդեցություն ունեն պետական որոշումների վրա, շատ քիչ են մնացել. «Այդպիսին է ԲՀԿ-ն, բայց ԲՀԿ-ում բոլորը չեն օլիգարխ»: Ս. Սահակյանը կարևորեց ակտիվների վերադարձի և օլիգարխիայի և պետական համակարգի տարանջատման հարցի լուծումը:
Մանրամասն՝ տեսանյութում:








































