Մարտի 7-ին անհետացած մալայզիական Boeing-ի առաջին օդաչուի՝ 53-ամյա Զահարի Ահմադ Շահի տնից հետո ոստիկանությունը խուզարկել է երկրորդ օդաչուի՝ 27-ամյա Ֆարիդ Աբդուլ Համիդի տունը: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Կուալա Լումպուրից Պեկին ուղևորվող ինքնաթիռի հետ կապն ընդհատվել է օդ բարձրանալուց մոտ մեկ ժամ անց:
Երեկ Մալայզիայի վարչապետ Նաջիբ Ռազակը հաստատել է ԶԼՄ-ների տեղեկությունն այն մասին, որ ինքնաթիռի ավտոմատ հաղորդիչները շարունակել են արբանյակներին տեղեկություն տալ դեռ մոտ 7 ժամ: Սա ստիպում է ենթադրել, որ անձնակազմը ինքնակամ կամ ստիպողաբար անջատել է հաղորդակցության սարքը:
Առայժմ ոչ մի վարկած չի հաստատվել՝ սկսած ահաբեկչությունից մինչև օդաչուների սխալը: Ոստիկանությունը փորձում է պարզել պատճառները, որոնք կարող էին անձնակազմին ստիպել նման կերպ գործել:
Քանի որ բացառված չէ, որ կապի ընդհատումից հետո ինքնաթիռը փոխել է ուղղությունն ու մի քանի ժամ անհայտ ուղղությամբ ընթացել, որոնման տարածքն ընդգրկում է Հնդկական օվկիանոսի հսկայական մասն ու շատ երկրների տարածքներ:







































