Կառավարության որոշմամբ արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությանն է վաճառվել կառավարության երկրորդ մասնաշենքը՝ ԱԳ նախարարության շենքը: Այդուհանդերձ՝ շենքի մաս կազմող «Նոյան Տապան» գրախանութը և «Արարատ» ռեստորանը դեռ պահպանում են իրենց «անկախ գոյությունը»:
«Նոյան Տապան» ՍՊԸ տնօրեն Ֆրիկ Մկրտչյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ շենքի վաճառքի վերաբերյալ որևէ խոսակցություն իրենց հետ չի եղել: «Ես ձեզ ասում եմ ամենայն պատասխանատվությամբ՝ մեզ դեռևս ոչ մի բան չի առաջարկվել, մենք էլ չենք քննարկել, նույնիսկ չենք էլ մտածել, հանգիստ մեզ համար աշխատում ենք: Չգիտեմ՝ որտեղից են վերցրել, մեզնից ոչ մի ինֆորմացիա դուրս չի եկել, մեզ, համենայնդեպս, ոչ մեկը ոչ մի բան չի առաջարկել, էդ հարցը ոչ էլ քննարկվել է, նայվել: Մենք դրան վերաբերել ենք որպես բավական հեռու ապագայի բան, կարծեմ՝ այնտեղ երեք տարի հետո պիտի կառուցեն էդ շենքը»,- ասաց նա:
Մկրտչյանը նշեց, որ գրախանութը դեռ 1994 թվականից այս տարածքում է: Ու քանի դեռ շենքի վաճառքի հարցը չի քննարկվել, Մկրտչյանը դժվարանում է ասել՝ ինչ ճակատագիր է սպասվում շենքին, սակայն մի բան հստակ նշում է. աշխարհում շատ հյուրանոցներ կան, որոնց ներքևում կան և գրախանութներ, և տարբեր կառույցներ:
«Ես չգիտեմ՝ որտեղից է էդ ինֆորմացիան, ինչու են հիմա հրապարակում, ինչ նպատակ են հետապնդում, ես ընդհանրապես տեղյակ չեմ. հավատացեք, եթե մի բան լիներ, կասեի ձեզ»,- ասաց նա, ապա հիշեց մի դեպք, որը ժամանակին մամուլում մեծ արձագանք է գտել: Չինաստանում դեպք է եղել, երբ ներպետական նշանակության ճանապարհ էին կառուցում, սակայն մի սեփականատեր իր ոչ այնքան բարեկարգ տունը չէր համաձայնել վաճառել, մնացել էր ճանապարհի մեջտեղում:
«Հիմա չգիտեմ՝ դա սեփականության հարց է, մենք չենք էլ մտածել դեռևս: Տարածքը հենց «Նոյան Տապան» ընկերությանն է պատկանում, ինչևիցե, մեզ հետ նման բան չի եղել»,- ասաց նա՝ վերահաստատելով, որ քննարկումներ չեն եղել:
«Արարատ» ռեստորանի սեփականատեր Սամսոն Շառոյանը նշեց, որ ռեստորանի տարածքը ձեռք բերելու առաջարկներ եղել են, բայց մերժվել են, իսկ թե ինչն է եղել մերժման պատճառը՝ գուցե գնի հարցում համաձայնություն չի եղել, նա դժվարացավ պատասխանել:
«Դե, դրան ես չեմ կարող պատասխանել, սեփականատերերն են իրավասու, ուղղակի չեն եկել համաձայնության: Ես մի անգամ եմ տեղյակ եղել, գուցե ավելի շատ է եղել»,- ասաց նա:
Այդ տարածքը ռեստորանին է պատկանում արդեն տասը տարի, անգամ շենքի վաճառքի և վերապրոֆիլավորման դեպքում էլ Շառոյանը կարծում է, որ իրենց հետ կապված որևէ խնդիր չի լինի: «Մենք առանձին մուտքեր ունենք, իրենց չենք խանգարում՝ ոչ մուտքին, ոչ ելքին, ոչ մի խանգարելու խնդիր չկա, տասը տարուց ավելի այստեղ ենք»,- ասաց նա:









































