Ձմեռային աննախադեպ ցրտերին «Երևան ջուր» ՓԲԸ-ն աշխատել է գերծանրաբեռնված ռեժիմով: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Արևելք» շահագործման տնօրեն Կարապետ Օհանյանը՝ հիշեցնելով, որ ճնշման ծավալի և մյուս խնդիրներն իրենք շատ արագ են լուծել:
«Այնուամենայնիվ, մոտ 50-60 բազմաբնակարան շենքերում ունեցանք խողովակների սառեցումներ: Սառը քամու հոսքեր և դրանցով պայմանավորված սառեցումներ նաև այս տարի թույլ չտալու համար պետք է շքամուտքերում և նկուղներում իրականացվի խողովակների ջերմամեկուսացում: Սառեցման վտանգը հատկապես մեծ է, եթե խողովակները 70 սանտիմետրից պակաս խորության վրա են թաղված: Ձմռանը դեռ 10 ամիս կա, և հատկապես մասնավոր տնային տնտեսությունների սեփականատերերին կոչ ենք անում այժմվանից լուծել իրենց խողովակների ջերմամեկուսացման և անհրաժեշտ խորության վրա տեղակայելու խնդիրները»,- ասաց նա:
Կարապետ Օհանյանի խոսքով՝ ձմռանը խնդիրներ չեն ունեցել այն քաղաքացիները, ովքեր իրենց ջրագծերը ճիշտ են կառուցել: «Խնդիրներ ունեցել են միայն այն շենքերն ու մասնավոր տները, որտեղ խողովակները ջերմամեկուսացված չեն եղել: Այս բաժանորդների վնասները «Երևան Ջուր»-ն, իհարկե, չի փոխհատուցի, բայց եթե լինեն բաժանորդներ, որոնց ջրագծերը կառուցված կլինեն նորմերին համապատասխան և, այնուամենայնիվ, վնասված կլինեն, ապա կփոխհատուցի»,- ասաց նա:
Ասուլիսի մյուս բանախոս՝ «Արևմուտք» շահագործման տնօրեն Արամ Սահակյանն իր հերթին նկատեց, որ համատիրությունները վերջին տարիներին բավական լավ են աշխատել: «Եթե այս ձմեռ վթարները 50-60-ն էին, ապա 2003-ին դրանք ավելի շատ էին»,- հիշեցրեց նա:
Իրավաբանական և հաճախորդների սպասարկման տնօրեն Արտակ Մալխասյանն էլ տեղեկացրեց, որ 2013 թվականին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և ՀՀ պատկան մարմինների միջև ստորագրվել է 3 համաձայնագիր, որով նախատեսվում է 7-ական մլն դոլար արժողությամբ 3 նոր ծրագրեր իրականացնել մայրաքաղաքի ջրամատակարարման հետագա բարելավման նպատակով: Դրանցից երկուսը վարկային են, մեկը՝ դրամաշնորհային:
«Նշված միջոցներով նախատեսվում է վերականգնել ջրամատակարարման բաշխիչ ցանցի շուրջ 150 կմ ընդհանուր երկարությամբ առանձին հատվածներ, կառուցել թվով 30 նոր բակային պոմպակայաններ: Հատկանշական է նաև, որ 2006 թվականից մայրաքաղաքում խնայվել է 60 մլն խ/մ ջուր»,- ասաց նա:
Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված ջրամատակարարման սակագինը 7.49 դրամով բարձրացնելը, Արտակ Մալխասյանը պատասխանեց: «Հարցն արդեն իսկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում է: Ինչ վերաբերում է բուն թանկացմանը, ապա դրա համար կան չորս գործոններ՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում, եվրո-դրամ փոխհարաբերություն, սղաճ և վաճառվող ջրի ծավալ»:
Հիշեցնենք, որ բնակչությանը մատուցվող մանրածախ ջրամատակարարման, ջրահեռացման և կոյուղու մաքրման ծառայության սակագինը նախատեսվում է բարձրացնել 7.49 դրամով՝ 1 խ/մ-ի դիմաց 170.256 դրամի փոխարեն սահմանելով 177. 746 դրամ:








































