«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ ոչ իշխանական քառյակի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շարունակում է քառյակի ուժերի հետ հանդիպումները: Հընթացս հանդիպումների իշխանական որոշ պատգամավորներ շարունակում են հավատալ Ծառուկյանի այն հավաստիացումներին, որ ինքն ընդդիմադիր չէ և չի պայքարում իշխանությունների դեմ: Ավելին, ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանը հիշեցնում է, որ իրենք լավ գիտեն իշխանափոխության բանալիները և ըստ այդմ կդիմադրեն: Հրաշալի քառյակի հակաիշխանական քայլերի ու դրանց դեմ իշխանության պայքարի թեմայով զրուցեցինք ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ նախկին խոսնակ Սամվել Նիկոյանի հետ: Ծառուկյանի գլխավորած շարժմանն ուղղված Նիկոյանի անկաշկանդ գնահատականները թերևս պայմանավորված են իր՝ Տիգրան Սարգսյանի հետ մտերիմ լինելու հանգամանքով:
– Պարոն Նիկոյան, ոչ իշխանական քառյակի պայքարը թևակոխել է նոր փուլ, Գագիկ Ծառուկյանն իր մոտ է հրավիրում խմբակցություններին ու նրանց հետ համատեղ քննարկում երկիրը ծանր վիճակից դուրս բերելու օրակարգը: Չե՞ք կարծում, որ Ծառուկյանի հրավերներն արդեն լրջացնում են իշխանության տապալման ծրագիրը:
– Գիտեք ինչ, միշտ էլ ինչ-որ հարցերի շուրջ կարողանում են միավորվել, պայքարել, հետո բաժանվել: Սկզբից հիմնավորել՝ իրենք ինչ են ուզում, և ասել՝ դա է Հայաստանի փրկությունը, հետո հիմնավորել՝ ինչու չեղավ այդ փրկությունը, և ովքեր են մեղավորները: Այսպես եղել է անկախության բոլոր տարիներին, բացառություն չէ սա, սովորական քաղաքական գործընթաց է, և, ավելի շուտ՝ հասարակական տրամադրությունների վրա ազդելու խնդիր կա: Ես չեմ կարծում, որ այդ քաղաքական ուժերն այդքան միամիտ են և չգիտեն մեր Սահմանադրությունը, որտեղ գրված են այն ձևերը, որով կարելի է հասնել կառավարության հրաժարականին, և իրենք շատ հստակ գիտեն, որ որևէ արդյունավետ քայլ այդ ուղղությամբ իրենք ի վիճակի չեն ձեռնարկել, դա կլինի ընդամենը լրագրողների համար հետաքրքիր նյութերի շրջանակում և վերջ:
– Ձեզ համար սովորակա՞ն է, որ ընդդիմադիրների գործընթացներին միացել է նաև իշխանությունների հետ սերտաճած գործարարը, թե՞ նա անջատվել է իշխանությունից, որ նույն իշխանության դեմ պայքարի գործընթաց է փորձում գլխավորել:
– Գիտեք, որպեսզի գնահատական տանք, պետք է ուսումնասիրենք որոշ ժամանակահատված, որից հետո չորս քաղաքական ուժերի հնարավոր համագործակցության վերաբերյալ գնահատական տանք: Ինչու նո՞ր է նրանց համագործակցությունը, հիշեք՝ այս 4 տարիներին եղել են առիթներ, դեպքեր, որ հավաքվել են, ինչ-որ խնդիր են վերցրել ու տվյալ հարցում փորձել համագործակցել, այնուհետև իրար սկսել են մեղադրել, թե դա ինչու չեղավ: Հիմա ես ասում եմ՝ ով ինչ ասի, ինձ համար «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վարքագծի տեսակետը հիմնականում Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությունն է, որ ԲՀԿ-ն քաղաքագիտական առումով չի կարող լինել դասական ընդդիմություն: Սա է հիմնականը, և, իհարկե, մնացած հարցերի շուրջ իրենց տեսլականն ու մոտեցումներն ունեն և իրենց դիրքորոշումը փորձելու են պաշտպանել, բայց հիմնական շեշտադրումը հենց Ծառուկյանի ասածն է: Եթե դուք ուշադիր եք, մեկն ասում է՝ չէ, կառավարության հրաժարականն ենք պահանջում, իսկ եթե ավելի անկեղծ՝ վարչապետի հրաժարականը: Դե, սա նոր չի, չէ՞, տևական ժամանակ է՝ մի ամբողջ հզոր քաղաքական գործունեություն ծավալվում է անձի դեմ: Թե ինչու է դա այդպես, ինձ համար լրիվ հասկանալի է, և այս մնացածը՝ երկիրը փրկենք և այլն, դրանք քաղաքական հանրային ընկալման մթնոլորտն ապահովելու համար են, որով փորձում են լուծել կոնկրետ խնդիրներ:
– Պարոն Նիկոյան, Ձեր կուսակիցներից մի թև վստահաբար պնդում է, որ այս հանդիպումներն ընթանում են Ծառուկյանի հետևում կանգնած ուժի՝ Քոչարյանի սցենարով: Ի՞նչ կասեք այս մասին:
– Հիշեք տարեվերջին Քոչարյանի ու վարչապետի երկխոսությունը: Իհարկե, հասկանալի է, որ Քոչարյանը ևս նման մոտեցումներ ունի, ակնհայտ երևաց այդ իրադարձություններից: Խնդիրն այն է, որ մի մասն ասում է՝ կառավարության կամ վարչապետի հրաժարականն ենք պահանջում, մյուս մասն էլ ասում է՝ չէ, վարչապետի հրաժարականով բան չի փոխվի, համակարգային փոփոխություններ պետք է արվեն և այլն, ու հետո էլ, որպեսզի գան ընդհանուր եզրակացության, ասում են՝ եկեք սկզբից սկսենք ու հերթով շարունակենք… (ծիծաղում է): Քաղաքական մեծամասնությունը դրան հանգիստ է մոտենում, որովհետև քաղաքական գործունեություն է, և իրենք, որպես քաղաքական ուժեր, ամբողջովին գտնվում են այդ դաշտում: Եթե նրանք բոլորը հասկանում են, որ գլոբալ իշխանափոխության համար առաջին քայլը վարչապետի ու կառավարության հրաժարականն է, չե՞ն կարծում, որ քաղաքական մեծամասնությունը կամ հանրապետության նախագահն իրենցից տասն անգամ լավ չեն հասկանում դա:
– Այսինքն, եթե լավ են հասկանում, ձախողելո՞ւ են, թույլ չե՞ն տալու այն իրականացնել:
(Ուսերն է թոթվում) … Դուք Ձեր հարցին պատասխանեցիք, պատասխանս հետևյալն է. եթե իրենք հասկանում են, որ գլոբալ իշխանափոխության համար վարչապետի ու կառավարության հրաժարականն առաջին քայլն է, ապա քաղաքական մեծամասնությունը շատ լավ է հասկանում դա:
– Ակնարկում եք, որ քաղաքական մեծամասնությունը թույլ չի՞ տա իրականացնել ծրագիրը…
– Իհարկե…
– Ինչպե՞ս, Ազգային ժողովը միակ ճանապարհը չէ, նրանք սպառնում են փողոցում շարունակել պայքարը, համաժողովրդական շարժմամբ հասնել ծրագրի իրականացմանը: Իշխանությունը խորհրդարանից դուրս ինչպե՞ս է ճնշելու:
– Բայց էդ սպառնալիքները նո՞ր են, հիմա, եթե որևէ իշխանություն որևէ երկրում այդ սպառնալիքներին տեղիք տա, Հայաստանում բոլոր հարցերն այլևս կլուծվեն սպառնալիքներով, կգա հաջորդը, նրան էլ կգտնվեն սպառնալիք տվողներ: Է, թող պլանավորեն, դա ևս քաղաքական գործունեություն է, յուրաքանչյուր գործունեություն, որը Սահմանադրության, օրենքի շրջանակում է, դրան շատ նորմալ պետք է վերաբերվենք: Գագիկ Ծառուկյանն ասում է՝ ես ընդդիմադիր չեմ, դուք եք նրան տեսնում ընդդիմադիր: Խնդիրը նրանում է, որ դուք նրան դարձնում եք ընդդիմադիր, էն մարդը շատ պարզ ասում է՝ ես ընդդիմադիր չեմ, հիշո՞ւմ եք եկեղեցու բացման արարողությունը:
– Բայց նա իր գործողություններով իշխանության դեմ է, քառյակի հետ ակտիվ հանդիպումների մեջ է և փորձում է երկիրը դուրս բերել ծանր սոցիալական վիճակից:
– Իշխանության դե՞մ, ո՛չ:
Լուսանկարը՝ Photolure-ի









































