«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Անվտանգության և միջազգային հարաբերությունների գերմանական ինստիտուտի Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի ուսումնասիրությունների բաժնի փոխտնօրեն, քաղաքագիտության դոկտոր, գերմանացի փորձագետ Սյուզան Ստյուարտը:
– Ուկրաինական ճգնաժամը Ղրիմում շարունակվում է, և ճգնաժամն է՛լ ավելի է լարելու ռուսական գործողությունները՝ ԵՄ-ն ու ԱՄՆ-ը առաջին փուլում ՌԴ-ին սպառնում են վիզային պատժամիջոցներով: Ըստ Ձեզ՝ նման պատժամիջոցները բավարա՞ր են իրավիճակ փոխելու համար:
– Բնականաբար, ես չեմ կարծում, թե դրանք բավարար են Ղրիմում ստեղծված ներկայիս իրավիճակը փոխելու համար, բայց ես կարծում եմ, որ դրանք կարող են կարևոր նշան լինել ապագայի համար, քանի որ մինչ այս Ռուսաստանը չի ստացել հստակ որևէ ազդանշան ԵՄ-ի և այլ խաղացողների կողմից՝ այն առումով, որ միգուցե նրանք գին են պատրաստել Ռուսաստանի այդ պահվածքի և քաղաքականության համար, այլապես կշարունակվի նույն կերպ: Չէ՞ որ մենք արդեն տեսել ենք հետխորհրդային տարածքում Ռուսաստանի քաղաքական ճնշումները, ի դեպ՝ ոչ միայն քաղաքական, այլև ռազմական՝ ինչպես 2008թ. Վրաստանում: Ուստի ես կարծում եմ, որ կոնկրետ այս պատժամիջոցները կարևոր են պարզապես որպես ազդանշան առ այն, թե ռուսական այդ քաղաքականությունը ինչպիսի հետևանքներ կունենա հենց ռուսական էլիտայի ներկայացուցիչների համար:
– Մենք նկատում ենք, որ վիզային պատժամիջոցների հեռանկարը ռուսական որոշ գործիչների նույնիսկ զվարճացնում է: Անհրաժեշտության դեպքում Արևմուտքը պատժամիջոցների տեսանկյունից կկարողանա՞ գնալ ավելի հեռու, թե՞ ամեն դեպքում Եվրոպա մատակարարվող ռուսական գազն իրենը կանի:
– Այս հարցում, ինչպես և ակնարկեցիք, մենք տեսնում ենք տարբեր մոտեցումներ ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև: ԱՄՆ-ը, բնականաբար, պատրաստ է ավելի հեռուն գնալ, քանի որ չունի այդքան ինտենսիվ կապեր Ռուսաստանի հետ, չունի բիզնես-հետաքրքրություններ, էներգետիկ կապեր, այսինքն՝ կան տարբերություններ հենց այս մակարդակում: ԵՄ-ում մեծ հարց է, թե ինչ պատժամիջոցներ կարելի է կիրառել, ռուսական էլիտայի ո՞ր ներկայացուցիչների նկատմամբ, դա լինելու է վիզային սահմանափակո՞ւմ, թե՞ ակտիվների սառեցում և այլն, և այլն: Սա քննարկման մեծ առարկա է այնպիսի երկրների համար, ինչպիսիք են Գերմանիան ու Մեծ Բրիտանիան, որոնք ունեն բավականին ամուր ֆինանսական ու բիզնես-շահեր ՌԴ-ում: Այս շահերն են, որ պայքարում են Ռուսաստանի ավելի կտրուկ պատժամիջոցների դեմ:
– Այսինքն՝ ԵՄ որոշում կայացնող այս երկրները պատրաստ չե՞ն իրենց բիզնես և ֆինանսական շահերը ստորադասել ԵՄ ընդհանուր շահին:
– Դժվար է ասել, քանի որ հիմա գերմանական կողմն, օրինակ, հույս ունի, որ առաջընթաց կգրանցվի ՌԴ-ի հետ բանակցություններում, որ հնարավորություն կառաջանա նստել մեկ ընդհանուր սեղանի շուրջ, կառուցողական մթնոլորտում քննարկել իրավիճակը՝ առանց պատժամիջոցների: Գերմանիայում ՌԴ-ի դեմ պատժամիջոցների թեման մեծ բանավեճի և քննարկման առարկա է: Գերմանիայում Ռուսաստանի հետ ընդհանուր բիզնես-շահեր ունեցողները դեմ են ՌԴ-ի դեմ տնտեսական պատժամիջոցներին: Գերմանիան Ռուսաստանի հետ երկխոսության կողմնակից է և ոչ դիմակայության:
– Այս պարագայում Դուք Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ի՞նչ բարենպաստ սցենարներ եք տեսնում:
– Ես մտավախություններ ունեմ: Կարծում եմ, որ Ղրիմում հանրաքվե կանցկացվի, և քվեարկողների մեծ մասը կընտրի Ռուսաստանին միացումը, և Պետդուման այն կհաստատի: Ես կարծում եմ, որ Ղրիմը կմիանա Ռուսաստանին, և չեմ կարծում, բնականաբար, թե Ուկրաինան կամ արևմտյան հանրությունը կընդունի դա: Իմ մտավախությունն է, որ դրանից հետո Ռուսաստանը կփորձի արևելյան Ուկրաինայում իրավիճակը ապակայունացնել` մոտ ապագայում դա տարածելով նաև Մոլդովայում:
– Այսինքն՝ Ձեր համոզմամբ՝ Արևմուտքն այսօր սահմանափա՞կ է ռուսական այս էքսպանսիոն քաղաքականությունը սահմանափակելու տեսանկյունից:
– Ես կարծում եմ, որ կարճաժամկետ փուլում դժվար է շատ բան անել: Ինչ վերաբերում է երկարաժամկետ գործընթացին, ապա, ըստ իս, կարևոր է, որպեսզի արևմտյան երկրները Ռուսաստանի հետ չվարվեն այնպես, ինչպես վրաց-ռուսական պատերազմից հետո՝ միանգամից վերադառնալով բիզնես և տնտեսական հարաբերությունների: Կարևոր է Ռուսաստանի նկատմամբ պահել պատժամիջոցները, ճնշումները, սահմանափակել ՌԴ-ի հետ երկխոսությունը, շարունակել «Մեծ ությակից» հանելու ճնշումը, որպեսզի այդ հետևանքները Ռուսաստանը իրապես զգա:
– Այս փուլում հետխորհրդային երկրները փաստորեն ապահովագրված չեն ռուսական ռազմական ներխուժումից, քանի որ չունեն անվտանգության երաշխավորներ և չունեն դիվերսիֆիկացված անվտանգության համակարգ: Չե՞ք տեսնում արդյոք այս տարածաշրջանում անվտանգության նոր դաշինքների ձևավորման անհրաժեշտություն:
– Ես տեսնում եմ նման անհրաժեշտություն, բայց դա հիմա հնարավոր չէ, քանի որ հարաբերությունները տարածաշրջանում և Արևմուտքի ու ՌԴ-ի միջև չափազանց լարված են, և այդ ուղղությամբ քննարկումներ, քայլեր ձեռնարկելու ներուժ առայժմ չկա:









































