Այսօր՝ հունիսի 4-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Շարունակում է քննարկվել Կենտրոնական բանկի գործունեության տարեկան հաղորդումը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հայտարարեց. «Ըստ ԿԲ կանխատեսումների՝ 2019թ. սպասվում է 6.1 տոկոս տնտեսական աճ, ինչը բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս. ինչպե՞ս պետք է զարգացում ակնկալել տնտեսությունից, եթե տնտեսության իրական հատվածում ներդրումներ չկան, արդյոք ներքին ռեզերվները ճի՞շտ են օգտագործվում»:
Նրա խոսքով՝ նախկին բանկային կապիտալը ստեղծվել է նախկին պաշտոնյաների կողմից ժողովրդին թալանելու միջոցով. «Եվ այդ կապիտալը չունի ազդակ ներդրվելու տնտեսության մեջ»:
Սերգեյ Բագրատյանը նկատեց, որ վարչապետին զեկուցել են, թե 130 հազար քաղաքացիներ այլևս սև ցուցակում չեն. «Այստեղ խաբեություն կա, և ներկայացված չէ ճիշտ թիվը. 130 հազարի տեղը չենք գտնում: Խոշոր կապիտալը թուխս է նստել՝ հույս ունենալով, թե ձվեր կհանի: Այդ ոսկե ձվերը նեխելու են՝ ճուտ չեն հանելու, որովհետև այդ կապիտալը չի աշխատելու և դատապարտված է վերադարձվելու նրանց, ումից խլվել է»:
Պատգամավորի խոսքով՝ ԿԲ-ն աշխատում է լոմբարդային տրամաբանությամբ. «Եվ տնտեսությունը չի զարգանալու»: Նա առաջարկում է բանկային համակարգում գնալ ռեֆորմների, ոչ թե գնաճը զսպել:
«Կա՛մ ԿԲ-ն ժողովրդին կտանի բանկ, կա՛մ ժողովուրդը իրենց կուղեկցի բանտ. ընտրությունը Կենտրոնական բանկինն է կամ բանկային համակարգինը»,- եզրափակեց իր ելույթը Սերգեյ Բագրատյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:









































