Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մարտին Սարոյանի նախագահությամբ ավարտվել է Արտյոմ Ղազարյանի գործի դատավարությունը:
Ըստ դատական ակտի՝ 37-ամյա Արտյոմ Ղազարյանը մեղավոր է ճանաչվել իր փաստական կնոջը՝ Ցողիկին խեղդամահ անելու, դիտավորյալ սպանելու համար:
Արտյոմ Ղազարյանը արտագնա աշխատանքի է մեկնել Ռուսաստան:
2009 թվականից նա այնտեղ փաստական ամուսնական կյանք է վարել ՌԴ քաղաքացի, 1986 թվականին ծնված հայազգի Ցողիկի հետ:
2012 թվականի փետրվարի 12-ին Արտյոմ Ղազարյանն արտաքսվել է Ռուսաստանից՝ բնակության և հաշվառման կանոնները խախտելու համար ու վերադարձել է Արթիկ:
Երկու ամիս անց Արթիկ է ժամանել Արտյոմի փաստական կին Ցողիկը՝ 2010 և 2011 թվականներին ծնված իրենց մանկահասակ երեխաների հետ:
2012 թվականի դեկտեմբերի սկզբին առանց ամուսնու համաձայնության Ցողիկը երեխաներին թողել ու միայնակ մեկնել է Անապա՝ արտագնա աշխատանքի:
Վերադարձել է 2013 թվականի հունվարի 22-ին:
Արտյոմն ու Ցողիկը երեխաների հետ Արթիկում բնակվել են վարձակալությամբ:
Ցողիկը հաճախ երեխաներին թողել է սկեսուրի խնամքին, ինքը տարբեր տաքսիներով երթևեկել, ոգելից խմիչք է օգտագործել, տղամարդկանց հետ հեռախոսային խոսակցություններ է ունեցել, շփվել համացանցով:
Արտյոմը կասկածել է կնոջը, հետևել է նրան:
Նա վիճաբանել է Ցողիկի հետ, պահանջել, որ չխոսի տղամարդկանց հետ, չհեռանա տնից, երեխաներին խնամի:
Ցողիկը պատասխանել է. «Էտո նե տվայո սաբաչյե ձելը, ուր ուզեմ՝ կգնամ, ում հետ ուզեմ՝ կխոսամ»:
Արտյոմը վիրավորվել է ու փորձել է ցած նետվել պատշգամբից, ինքնասպան լինել, բայց Ցողիկը բռնել է, չի թողել: Արտյոմը զայրույթից կոտրել է պատուհանի ապակին: Մայրը վիրակապել է որդու ձեռքը:
Մայիսին Ցողիկն ավելի հաճախակի է բացակայել տնից, երթևեկել ինչ-որ արծաթագույն «Մերսեդեսով»:
2013 թվականի մայիսի 31-ին Ցողիկը նորից երեխաներին թողել, ինչ-որ տեղ է գնացել:
Ուշ երեկոյան նա Արտյոմի ընկերոջ տուն է գնացել խմած, հետն էլ՝ մի շիշ գարեջուր և ձուկ:
Ժամը 23-ին ամուսիններն իրենց տուն են գնացել, նստել են խոհանոցի սեղանի մոտ, ծխել են, մոտ մեկ ժամ զրուցել:
Արտյոմը Ցողիկին մեղադրել է դավաճանության համար, իսկ Ցողիկը ծիծաղել է ամուսնու վրա, հեգնել է նրան: Եվ Արտյոմի համբերությունն այդ պահին հատել է:
Նա ոտքի է կանգնել, մոտեցել Ցողիկին: Վերջինս սեղանի վրայից վերցրել է դանակը, ասել է՝ չմոտենաս, կխփեմ: Նա շարունակել է նստած մնալ:
Արտյոմը աջ արմնկային մասով բռնել է կնոջ պարանոցից: Ուժեղ սեղմելու համար ձախ ձեռքով էլ բռնել է իր աջ ձեռքը: Ցողիկը դիմադրել է, ամուսինները կորցրել են հավասարակշռությունը:
Ցողիկն աթոռից ընկել է գետնին, Արտյոմն էլ է ընկել՝ շարունակելով սեղմել կնոջ պարանոցը: Ընկել են հատակին՝ կողք կողքի:
Ընկնելիս Ցողիկը դանակով հարվածել է Արտյոմին: Բայց վերջինս չի էլ զգացել, որ վնասվածքներ է ստացել ոտքի ու որովայնի հատվածներում: Նա շարունակել է սեղմել Ցողիկի պարանոցը…
Ցողիկն սկսել է թպրտալ, շարժել է ոտքերն ու ձեռքերը: Մոտ 10-15 րոպե է տևել՝ ըստ Արտյոմի…
Երբ Ցողիկն անշարժացել է, Արտյոմը թողել է նրա պարանոցը, տեսել է, որ չի շնչում: Վախեցել է, սկսել է արհեստական շնչառություն տալ, ապա տեսնելով, որ չի կարողանում կենդանացնել, գնացել է հարևանի տուն ու ասել. «Ցողիկը մեռավ»:
Հարևանը հանկարծակիի է եկել ու հարցրել. «Ցողիկն ո՞վ է»:
Արտյոմը կրկնել է. «Կնիկս մեռավ»:
Շտապօգնությունը արձանագրել է, որ Ցողիկը մահացել է: Կինն անբնական դիրքով ընկած էր եղել խոհանոցի հատակին…
Նախաքննության ժամանակ ու դատարանում որպես վկա հարցաքննված տղամարդիկ ասել են, որ Ցողիկը Արտյոմի մասին ասել է, թե նա «բիվշի» մարդն է, «կազյոլ» է:
Ցողիկը «Օդնոկլասնիկի» կայքում գրանցված է եղել ու տղամարդկանց հետ ծանոթացել է «Ստերվա» անունով:
Մինչ մայրիկն ազատ կյանք է վարել, երկու մանկահասակ երեխաները գտնվել են տատիկի խնամքին…
Ցողիկի մահից հետո նրա հարազատները երեխաներին տարել են Ռուսաստան…
Ընդհանուր իրավասության դատարանը Արտյոմ Ղազարյանին մեղավոր է ճանաչել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով և դատապարտել է 10 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2013 թվականի հունիսի 1-ից:
Այս դատավճիռը բողոքարկել է ամբաստանյալի շահերի պաշտպանը՝ խնդրելով վերաորակել արարքը կամ մեղմացնել Արտյոմի պատիժը:
Այսօր վերաքննիչ քրեական դատարանում հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Ա. Դավթյանը հիմնավորեց իր բերած բողոքը: Զարմանալի էր, որ պաշտպանը միջնորդեց ամբաստանյալի արարքը վերաորակել ոչ թե որպես հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանություն, այլ ինքնապաշտպանության նպատակով կատարված անզգույշ սպանություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109 հոդվածով:
Ըստ պաշտպանի՝ Արտյոմը պաշտպանվել է իրենից հաղթանդամ, իրենից բարձրահասակ ու իրենից ֆիզիկապես ուժեղ Ցողիկից: Քանի որ Ցողիկը դանակ էր վերցրել ու խփել էր Արտյոմին, վերջինս սկսել էր սեղմել Ցողիկի պարանոցը, որ նրա ուժեղ ձեռքը թուլանա, ու դանակը ձեռքից ընկնի:
Պաշտպանն ասաց, թե իր պաշտպանյալը կնոջը սպանելու դիտավորություն չի ունեցել, անգամ սպանությունից հետո նրան արհեստական շնչառություն է տվել, ցանկացել է ուշքի բերել, դիմել է հարևաններին:
Պաշտպանը հայտնեց նաև, թե Արտյոմը սկզբում կասկածել է, որ կինը դավաճանում է, հետևել է նրան, համոզվել: Մինչև անգամ Արտյոմն իմացել է, որ կինը հղի է ուրիշ տղամարդուց, և գումար է տվել, որ կինն աբորտ անի, միայն թե ընտանիքը չքայքայվի…
Ըստ պաշտպանի՝ ընդհանուր իրավասության դատարանում տուժողի իրավահաջորդը՝ Ցողիկի բարեկամը, խնդրել է Արտյոմին ազատ արձակել, չպատժել:
Պաշտպանը միջնորդեց արարքը չվերաորակելու դեպքում մեղմացնել Արտյոմի պատիժը, որովհետև տասը տարի ազատազրկումն ակնհայտ խիստ պատիժ է նրա համար: Դատարանը պիտի հաշվի առնի, որ Ռուսաստանում, Ցողիկի քրոջ ու նրա ռուս ամուսնու ընտանիքում են հիմա մեծանում Արտյոմի երկու մանկահասակ երեխաները՝ անմայր ու անհայր:
Արտյոմը չի հասցրել հայրություն ճանաչել, երեխաների մայրը որպես միայնակ մայր է գրանցված եղել:
Ամբաստանյալ Արտյոմն ասաց, թե համոզված է, որ դրանք իր երեխաներն են: Երեխաների խնամքով զբաղված տատիկը՝ Արտյոմի մայրը, դատարանի դահլիճում էր: Նա լաց էր լինում և ասում, թե երեխաները Արտյոմին շատ նման են, ոչ մի կասկած լինել չի կարող…
Արտյոմն իր հերթին, միանալով պաշտպանի բողոքին, ասաց, թե Ցողիկին սպանելու դիտավորություն չի ունեցել: Սեղմած պահել է Ցողիկի պարանոցը, բայց չի պատկերացրել, որ նա այդքան շուտ կմահանա: Երբ զգացել է, որ նա չի շարժվում, չի շնչում, շատ է վախեցել, փորձել է օգնություն ցույց տալ, բայց արդեն ուշ է եղել:
Դատարանի հարցին, թե ինչո՞ւ չէր բաժանվում իրեն դավաճանող կնոջից, ինչո՞ւ էր հանդուրժում կնոջ վատ վերաբերմունքն ու անբարո վարքագիծը, Արտյոմը պատասխանեց, թե… ամոթ էր, չէր ուզում, որ խայտառակ լինի մարդկանց մեջ, երեխաներն էլ մեծանում էին:
Դատարանի հարցին, թե ինչո՞ւ է փորձել ինքնասպան լինել, փոխանակ բաժանվի, երեխաներին անծնող չթողնի, Արտյոմը դարձյալ պատասխանեց, թե ամոթից էր ուզում իր կյանքին վերջ տալ…
Նա ասաց, թե բազմիցս փորձել է բացատրել Ցողիկին, որ իրեն կարգին պահի, ասել է՝ սա Ռուսաստանը չէ՝ նկատի ունենալով, որ Ռուսաստանում դեռ հնարավոր էր ազատ վարք ունենալ, բայց Հայաստանն ուրիշ է…
Արտյոմն ասաց, թե սիրում էր Ցողիկին, երկար ժամանակ հույս էր փայփայում, թե նա կփոխվի:
Մեղադրողը առարկեց պաշտպանի բերած վերաքննիչ բողոքի դեմ, պնդեց, թե Արտյոմի կատարածը հենց դիտավորյալ սպանություն է եղել, արարքը ճիշտ է որակված, պատիժը համաչափ է կատարված հանցանքին:
Որպես դիտավորյալ սպանության մեղադրանքի հաստատում՝ մեղադրողը մեջբերում կատարեց ամբաստանյալի տված ցուցմունքից ու ասաց, թե դրանով արդեն իսկ հաստատվում է, որ ամբաստանյալը Ցողիկին կյանքից զրկելու դիտավորություն է ունեցել, ցանկացել է Ցողիկի մահը:
Դատարանը մեջբերում կատարեց դատահոգեբանական փորձաքննության եզրակացությունից, որտեղ մասնագետը նկարագրել էր Արտյոմի հոգեվիճակը հանցագործության պահին. լարվածություն, սթրեսային վիճակ, տևական ժամանակ հոգեճնշված վիճակում գտնվել, կնոջ դավաճանության հաստատում, բացասական հույզերի կուտակում, շփոթահարություն և այլն: Մեղադրողին հարց տրվեց, թե նման եզրակացության պայմաններում չի՞ կարծում, որ այլ մեղադրանք պիտի առաջադրված լիներ:
Մեղադրողը ժամանակ խնդրեց՝ այդ հարցն ուսումնասիրելու համար: Նա գործի քննությանը նոր ներգրավված դատախազ էր:
Դատարանն իրավունք չունի դուրս գալու վերաքննիչ բողոքի սահմաններից: Իսկ վերաքննիչ բողոքով պաշտպանը չի անդրադարձել հոգեկան խիստ հուզմունքի վիճակում սպանությունը կատարված լինելուն:
Պաշտպանը բացատրեց, թե Արտյոմը դեպքի պահին խմած է եղել, նման վիճակում աֆեկտի մեջ լինելու մասին եզրակացություն չի տրվում, ինքը գրականություն է ուսումնասիրել:
Բայց գրականություն ուսումնասիրելու փոխարեն պետք էր ուշադիր կարդալ դատահոգեբանական փորձաքննության եզրակացությունը, որը տրված էր արդեն, և որտեղ նկարագրված էր Արտյոմ Ղազարյանի հոգեվիճակը հանցագործության կատարման պահին, անգամ՝ թեթև խմածության պայմաններում:
Դատական նիստն ընդմիջվեց, որ մեղադրողն ուսումնասիրի դատահոգեբանական եզրակացությունը:







































